Կարտոֆիլի ֆրին կարող է ավելի էական ազդեցություն ունենալ Ձեր քաշի վրա, եթե Դուք ենթակա եք ճարպակալման գենետիկ որոշակի գործոնների, ցույց է տալիս նոր հետազոտությունը:
Գիտնականները վերլուծել են տապակած սննդամթերքների եւ ճարպակալման գենետիկ ռիսկի կապը՝ օգտագործելով առողջապահության ոլորտում 3 խոշոր հետազոտություններին մասնակցած ավելի քան 37000 կնոջ ու տղամարդու տվյալները: Հոդվածը հրապարակված է British Medical Journal ամսագրում, փոխանցում է Fox News-ը:
Հետազոտողները ճարպակալման եւ մարմնի զանգվածի ինդեքսի հետ կապված 32 գեն են առանձնացրել՝ պարզելու համար մարդու գենետիկայի ազդեցությունը ճարպակալման վրա: Նրանք գնահատել են տապակած սննդի սպառումն ու մասնակիցներին 3 խմբի են բաժանել՝ շաբաթական մեկ անգամից պակաս, շաբաթական 1-3 անգամ եւ շաբաթական 4 եւ ավել անգամ տապակած սնունդ օգտագործողների: Պարզվել է, որ ճարպակալման գենետիկ ռիսկի ավելի շատ միավոր ունեցողների շրջանում նրանք, ովքեր տապակած սնունդ են օգտագործել, առավել հաճախ են ունեցել մարմնի զանգվածի առավել բարձր ինդեքս, քան նրանք, ովքեր ավելի քիչ են տապակած սնունդ կերել:
«Դա բավական էական տարբերություն է: Գենետիկ մեծ ռիսկը կարող է ուժեղացնել արագ սննդի բացասական ազդեցությունը: Մյուս կողմից՝ տապակած կերակուրի մեծ քանակությամբ օգտագործումը կարող է ուժեղացնել նաեւ ճարպակալման գետենիկ ազդեցությունը»,- ասում է հետազոտության առաջատար հեղինակ, Հարվարդի հանրային առողջապահության դպրոցի դոցենտ Լյու Ցին:
Հետազոտողները մանրակրկիտ կերպով վերահսկել են մասնակիցների կենսակերպը, ներառյալ՝ ֆիզիկական ակտիվությունն ու շաքարով քաղցրացված ըմպելքիների օգտագործումը:






