Սեռավարակները եւ հղիության անապահով արհեստական ընդհատումը, այսինքն աբորտը՝ Հայաստանում անպտղության հիմանակակ պատճառներն են։ Այս կարծիքը լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտահայտեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ, ըստ վերջին տվյալների, Հայաստանում անպտղության ցուցանիշը 17% է, ընդ որում 5% առաջնային անպտղություն ունի, այսինքն, բնածին արատների կամ այլ խնդիրների պատճառով ընդհանրապես չի կարող երեխա ունենալ, իսկ 12% ունի երկրորդային անպտղություն, այսինքն, նախկինում ունեցել է երեխա կամ հղիացել է եւ աբորտ արել, իսկ հիմա այլեւս չի ստացվում երեխա ունենալ։

«Երկրորդային անպտղության հիմնական երկու պատճառներն են հղիության անապահով արհեստական ընդհատումը, այսինքն աբորտը, եւ սեռավարակները», - ասաց Գարիկ Հայրապետյանը լրագրողներին։ - «Երկրորդային անպտղությունը ընդամենը գիտելիքների պակասի հետեւանք է։ Եթե տեղեկացված ես, բավարար գիտելիքներ ունես, թե աբորտների, թե սեռավարակների կանխարգելումը շատ հեշտ է եւ մատչելի»:

Աբորտներ

Ինչպես նշեց Գարիկ Հայրապետյանը, ամեն երրորդ անպտուղ կինը իր կյանքում կատարել է աբորտ։ «Սա ցույց է տալիս, որ աբորտն իրոք ազդում է անպտղության վրա, հատկապես ոչ պրոֆեսիոնալ կատարված աբորտը», - ասաց նա։

Հետաքրքիր է, որ կանանց մոտ առաջնային անպտղությունը երկու անգամ ցածր է, քան տղամարդկանց մոտ, բայց երկրորդայինը երկու սեռերի մոտ հավասար է։ «Սա նշանակում է, որ տարիների ընթացքում կանանց վերարտադրողական առողջությունը անկում է ապրում, լինի դա սեռավարակների պատճառով թե կատարված աբորտների պատճառով», - ասաց Գարիկ Հայրապետյանը։

Սակայն լավ է, որ Հայաստանում վերջին տարիներին աբորտների թիվը զգալիորեն պակասել է։ Եթե 2000 թվականին բոլոր հղիությունների մոտ 60% ավարտվում էր արհեստական ընդհատմամբ, 2005-ին այդ ցուցանիշը նվազել է եւ դարձել 39%, իսկ 2010-ին՝ նվազել մինչեւ 28%։ Աբորտների թվի նվազմանը նպաստել է նաեւ այն, որ ժամանակակից հակաբեղմնավորիչների օգտագործումը երկրում աճել է։ Եթե 2000 թվականին մարդկանց 16-17% էր օգտագործում ժամանակակից հակաբեղմնավորիչներ, ապա հիմա դրանց օգտագործումը հասել է 29%։

Լրագրողների հարցին այն մասին, թե արդյոք աբորտներն արգելելը չէր նպաստի իրավիճակի լավացմանը երկրում, Գարիկ Հայրապետյանը պատասխանեց, որ աբորտներն արգելելը միանշանակ սխալ քայլ է։ Իր կարծիքը նա պատճառաբանեց նրանով, որ աբորտ անել ցանկացողները միեւնույն է կհասնեն իրենց ուզածին, իսկ կլինիկաներից դուրս կատարվող աբորտների պատճառով կաճի մայրական մահացությունը։ «Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում աբորտից մայրական մահացություն չենք ունեցել։ Եթե աբորտները արգելվեն, դրանք մտնելու են ընդհատակ, եւ մենք ամեն տարի հարյուրներով մահեր ենք ունենալու», - ասաց Գարիկ Հայրապետյանը։

Նա նաեւ Իտալիայի օրինակը բերեց, որտեղ աբորտներն արգելված են, բայց միեւնույն է արվում են։ Իտալուհիները աբորտ են անում նավերում՝ չեզոք ջրերում։

Սեռավարակներ

Ինչպես նշեց Գարիկ Հայրապետյանը, սեռավարակներից Հայաստանում ամենամեծ տարածումն ունեն խլամիդիաները, որոնք կարող են անպտղություն առաջացնել։ Խլամիդիաների առկայությունը օրգանիզմում սովորաբար ոչ մի կերպ չի զգացվում, այնպես որ մարդը կարող է նույնիսկ չիմանալ, որ վարակված է, եթե, իհարկե, չպարզի դա հետազոտությունների արդյունքում։

Գարիկ Հայրապետյանը կարծում է, որ հայերը քիչ ուշադրություն են դարձնում իրենց առողջությանը եւ չգիտեն, թե ինչ հիվանդություններ ունեն եւ ինչպես դրանք կարող են անդրադառնալ պտղաբերության վրա։

Ի դեպ, հետաքրքիր է, որ 60% դեպքերում զույգերի անպտղության մեջ «մեղավոր են» տղամարդիկ, եւ միայն 40 % դեպքերում՝ կանայք։

«Սովորաբար, երբ զույգը ունենում է անպտղության խնդիր, մեղավոր են համարում կնոջը, նրան տանում են, հետազոտում են, փորձում, եւ նորից ոչ մի բան չի ստացվում։ Շատ հաճախ խնդիրը գալիս է հենց տղամարդուց, որովհետեւ սեռավարակների տարածողը ավելի հաճախ լինում է տղամարդը, ոչ թե կինը», - ասաց Գարիկ Հայրապետյանը։