Օսթեոպորոզի տարբեր հիվանդությունների դեմ պայքարող Ալենդրոնատը ջեներիկ դեղամիջոց դառնալուց ի վեր, դարձել է ավելի էժան եւ ավելի հասանելի, քան նախկինում: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց ԱՄՆ –ում Կոլումբիայի համալսարանի Բժշկական քոլեջի Էնդոկրինոլոգիայի բաժնի ղեկավար, պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանը (John P. Bilezikian): Հենց Ջոն Բիլեզիկյանն էլ ստեղծել է Ալենդրոնատը:
Ալենդրոնատը օսթեոպորոզի դեմ պայքարող առաջին դեղամիջոցներից մեկն է, եւ այն արդեն 20 տարի է շրջանառության մեջ է: Դեղամիջոցի ստեղծողն ասաց, որ բրենդից ջեներիկ անցումը շատ կարեւոր է, քանի որ նման դեպքում դեղամիջոցի գինը էժանանում է, եւ ավելի շատ մարդիկ կարող են օգտվել դրանից:
Իսկ ինչպե՞ս է ստեղծվել դեղամիջոցը, Ջոն Բիլեզիկյանին, թե ինչպես է ստեղծվել: Պարզվեց, որ Ալենդրոնատի ստեղծման մասին ինչ-որ առեղծվածային կամ լուրջ պատմություն չկա, պարզապես երկար տարիների աշխատանքի արդյունք է:
Ալենդրոնատը կազմված է այնպիսի նյութերից, որոնք ընդունակ են ազդել ոսկորների վրա, պատմեց Ջոն Բիլեզիկյանը: Այս ազդեցությունը բացահայտվել է 1960-ականներին, սակայն երկար տարիներ են պահանջվել նման դեղամիջոց պատրաստելու եւ ապացուցելու համար, որ այն շատ ազդեցիկ է եւ իսկապես նվազեցնում է կոտրվածքների եւ ճաքերի վտանգը:
Իսկ այն հարցին, թե նա փորձարկել է այդ դեղամիջոցը իր վրա, Ջոն Բիլեզիկյանը նշեց, որ դրա կարիքը չի եղել: Ինչպես նա ասաց, առաջին հերթին դեղամիջոցները թեստավորում են անցնում անվտանգությունը պարզելու համար, եւ հենց այդպես էլ եղել է Ալենդրոնատի թեստավորումը: Հետո, երբ դեղամիջոցի անվտանգությունը ապացուցվում է, սկսում են ուսումնասիրել չափաբաժինը եւ դրա ազդեցությունը օսթեոպորոզով հիվանդ մարդկանց վրա: Ուսումնասիրման երրորդ փուլում պետք է ապացուցել, որ այն ավելի արդյունավետ է, քան պլացեբոն:
Ջոն Բիլեզիկյանը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու մայիսի 22-25 այստեղ անցկացվող վնասվածքաբանների եւ օրթոպեդների VI համագումարին:






