Գաղտնիք չէ, որ միրգն ու բանջարեղենը պարունակում են վիտամիններ եւ օգտակար հանքային աղեր, սակայն դժվար թե ինչ-որ մի միրգ կարող է այդքան շատ վիտամիններով եւ հակաօքսիդանտներով հարուստ լինել, ինչքան կիվին։
NEWS.am Medicine-ը կպատմի Ձեզ այս սուպերմթերքի օգտակար հատկությունների եւ դրանում առկա վիտամինների եւ միկրոէլէմենտների մասին։
• Վիտամին С-ն ամրացնում է իմունիտետը, եւ այն անհրաժեշտ է կապակցող եւ ոսկրային հյուսվածքների բնականոն գործունեության համար։ Այս վիտամինի աղբյուր են հանդիսանում կիտրոնը եւ նարինջը, բայց քչերը գիտեն, որ կիվին կրկնակի ավելի հարուստ է վիտամին С-ով, քան ցիտրուսային մրգերը։
• Վիտամին Е (տոկոֆերոլ). շատ ուժեղ հակաօքսիդանտ է, որն արգելափակում է օրգանիզմի ազատ ռադիկալները։ Այն ոչ միայն օգնում է պահպանել երիտասարդությունը, այլեւ պաշտպանում է օրգանիզմը քաղցկեղ առաջացնող մուտացիաներից։
• В խմբի վիտամինները նույնպես առկա են կիվիի մեջ, եւ դրանցից ամենակարեւորը վիտամին В9-ն է (ֆոլաթթու), որը շատ կարեւոր է ուղեղի եւ նյարդային համակարգի բնականոն գործունեության համար։ Այն նաեւ բարելավում է հիշողությունը, ամրացնում գլխուղեղի անոթների պատերը։ Ի դեպ, ֆոլաթթուն շատ կարեւոր է մոր արգանդում պտղի ձեւավորման համար, այդ պատճառով հղի կանայք պետք է շատ կիվի օգտագործեն, որը փաստորեն այս վիտամինի բնական աղբյուրն է։ Կիվին հարուստ է նաեւ վիտամին В6-ով (պիրիդոքսին), որը նպաստում է խորը քնին եւ կայունացնում վահանաձեւ գեղձի եւ մարսողական համակարգի աշխատանքը։
• Մագնեզիում. կիվիի մեջ առկա մագնեզիումը բարելավում է բջջային նյութափոխանակությունը եւ կարգավորում խոլեստերինի մակարդակը արյան մեջ։
• Կալիումը կարգավորում է զարկերակային ճնշումը, այդ պատճառով հիպերտոնիայով տառապող մարդիկ պետք է իրենց սննդակարգի մեջ կիվի ավելացնեն։
• Կիվիի մեջ կան նաեւ մեծ քանակությամբ А եւ Д վիտամիններ, նատրիում, ֆոսֆոր, որոնք նույնպես շատ օգտակար են առողջության համար։
Շատ քչերի մտքով կանցնի կիվին կեղեւով ուտել, սակայն այդ թավամազ կեղեւը պարունակում է ավելի մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ եւ վիտամիններ, քան մրգի «մարմինը»։ Ի դեպ, կիվիի մյուս առանձնահատկությունն այն է, որ պահածոյացնելուց հետո նրա օգտակար հատկությունները պահպանվում են։ Սակայն միեւնույն է, NEWS.am Medicine-ը խորհուրդ է տալիս ուտել թարմ կիվի։






