Կոխլեար իմպլանտները իրենց որակով անհամեմատելի են լսողական սարքերի հետ։ Բայց նման որակը ստանալու համար, պետք է այն զգուշորեն կարգավորել եւ հարմարեցնել արտաքին պրոցեսորի հետ։ Դա անհատական մոտեցում է պահանջում, ասաց Էդգար Ներսիսյանը NEWS.am.Medicine-ի թղթակցին։ Լինելով ծրագրավորող եւ երաժշտական գործիքավորող՝ նա նաեւ կոխլեար իմպլատներ արտադրող «Cochlear» ֆիրմայի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։
38 ամյա Էդգար Ներսիսյանը արդեն վեցը տարի կրում է կոխլեար իմպլանտ։ 18 տարեկանից նրա մոտ լսողության խնդիրներ են առաջացել, իսկ 20 -ից նա սկսել է կրել լսողական սարքեր։ Մեկ տարի նա ընդհանրապես ոչինչ չի լսել, ինչից հետո նրան վիրահատել եւ իմպլանտ են տեղադրել։
Լինելով ծրագրավորող՝ Էդգարը կարող է գնահատել իմպլանտը ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական տեսանկյունից։ «Առաջին անգամ, երբ պրոցեսորը միացնում են, շատ դժվար է տարբերակել կանանց, տղամարդկանց եւ երեխաների ձայները. դրանք բոլորը միանման են հնչում»,-ասաց նա։ Սակայն ըստ նրա՝ կարգավորումներից հետո ամեն ինչ ընթանում է իր բնականոն հունով։ Ուղեղին ազդանշանն ընկալելու համար ժամանակ է պետք, բայց դա, իհարկե, լիովին չի համապատասխանում լսողական օրգանին։ Ինչպես նշեց Ներսիսյանը՝ ամենադժվարն առաջին օրերն են, հետո հիվանդները ընտելանում են։






