Հակաբիոտիկների մնացորդների պարունակությունը մսամթերքում եւ կաթնամթերքում Հայաստանում ոչ մի կերպ չի վերահսկվում: Այս մասին NEWS.am Medicine-ի  թղթակցին ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Անասնաբուծության մեջ հակաբիոտիկները լայն կիրառում ունեն, քանի որ դրանք կենդանիներին զերծ են պահում մի շարք հիվանդություններից: Սակայն ոչ պատշաճ օգտագործման դեպքում այդ հակաբիոտիկները կարող են հայտնվել նաեւ մսամթերքում եւ կաթնամթերքում, ինչն իր հերթին կարող է այդ մթերքներն օգտագործող մարդկանց մոտ լուրջ խնդիրներ առաջացնել, որոնց թվում է, օրինակ, հակաբիոտիկների հանդեպ կայունությունը:

Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ գործող համակարգի ներքո մթերքների մեջ առկա հակաբիոտիկների մնացորդների խնդիրը կարգավորման ենթակա չէ: Ոչ ոք չգիտի, թե սպանդից քանի օր կամ քանի ժամ առաջ է կենդանին սրսկվել, հակաբիոտիկների ինչ չափաբաժին է ստացել՝ նվազագույնը թե՞ մաքսիմալ հնարավորը: Եթե անգամ կենդանին գալիս է ուղեկցող փաստաթղթերով, այդ փաստաթղթերում հակաբիոտիկների մասին ոչինչ նշված չի լինում:

Պարզել, թե արդյոք կաթնամթերքում եւ մսամթերքում հակաբիոտիկների մնացորդ կա, հնարավոր է փորձաքննության կամ մոնիթորինգի միջոցով, նշեց Բաբկեն Պիպոյանը: Այդ լիազորությունը տրված է պետական մարմիններին, որոնց նաեւ բյուջեյից գումար է հատկացվում՝ ոլորտը վերահսկելու համար: Բաբկեն Պիպոյանի կարծիքով՝ այդ փորձաքննությունները անհրաժեշտ է իրականացնել՝ գոնե ռիսկային խմբերում, որտեղ հակաբիոտիկների օգտագործումը ավելի լայն տարածում ունի:

Ինչ վերաբերվում է հասարակական սեկտորին, այն, «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահի խոսքով, այս հարցում ոչինչ չի կարող անել՝ սպառողին խնդրի առկայության մասին տեղյակ պահելուց բացի: