Հայ նյարդաբանները շատ լավ մասնագետներ են, բայց Հայաստանում դեռ չկա ինսուլտների բուժման համակարգային մոտեցում, կարծում է Լոս-Անջելեսի համալսարանի պրոֆեսոր, նյարդաբան Ներսես Սանոսյանը։
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ Ծաղկաձորում հունիսի 7-8 տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ ծանոթացել է 20-30 երիտասարդ նյարդաբանների հետ եւ համոզվել նրանում, որ հայ բժիշկները շատ խելացի են եւ հեշտ են նոր գիտելիքներ ձեռք բերում։ Միակ խնդիրը ինսուլտների համակարգված բուժման բացակայությունն է՝ ի տարբերություն ԱՄՆ-ի եւ Եվրոպական երկրների։
Ներսես Սանոսյանի խոսքով՝ ժողովուրդը ԱՄՆ-ում, Կանադայում եւ Եվրոպական երկրներում ավելի լավ է տեղեկացված եւ ճիշտ ժամանակին է շտապօգնություն կանչում, շտապօգնությունն էլ իր հերթին շատ արագ է որոշում կայացնում ու հասկանում, որ հիվանդը ինսուլտ ունի եւ նրան պետք է մասնագիտացված կենտրոն տեղափոխել։ Այսպես կոչված Stroke Center-ներում (ինսուլտի բուժման կենտրոն) էլ հիվանդին արդեն արագ օգնություն են ցուցաբերում։
«Այնտեղ այդ ամենը շատ ավելի լավ է կազմակերպված՝ ամեն ինչ պատրաստ է հիվանդին ցանկացած պահի հետազոտելու ու ախտորոշում կայացնելու համար, իսկ բուժքույրերը փորձված են հենց այսպիսի հիվանդների հետ աշխատելու գործում եւ գիտեն նաեւ, թե ինչպես խոսել հիվանդի ընտանիքի անդամների հետ», - ասաց բժիշկը։
Նյարդաբանի խոսքով, շատ կարեւոր է, որ Հայաստանում նույնպես այդպիսի համակարգ զարգանա։ Երեւանում արդեն 2 մասնագիտացված կենտրոն կա՝ գլխուղեղի կաթվածների բուժման համար, եւ, Ներսես Սանոսյանի կարծիքով, շատ կարեւոր է, որ շտապօգնության աշխատակիցները ժամանակ չկորցնեն եւ ինսուլտ ապրող հիվանդին հնարավորինս շուտ հասցնեն այս երկու կենտրոններից մեկը, ոչ թե ինչ-որ այլ հիվանդանոց, չէ՞ որ ուղեղի կաթվածի ժամանակ պետք է ոչ մի վայրկյան չկորցնել, որովհետեւ ամեն րոպե ուղեղի միլիոնավոր բջիջներ են մահանում։
«Ինսուլտի կենտրոնը միայն բժիշկը չէ՝ դա շտապօգնությունից մինչեւ բուժքույրն է, բոլորը միասին պետք է աշխատեն, իրար հետ խոսեն։ Ամեն մարդ կարեւոր է այս համակարգի մեջ», - ասաց Ներսես Սանոսյանը։
Այս պահին այսպիսի կազմակերպվածություն Երեւանում դեռ չկա, քանի որ ոլորտը նոր է զարգանում, բայց բժիշկը համոզված է, որ նյարդաբանության ապագան Հայաստանում շատ պայծառ է։
«Հայ բժիշկները շատ խելացի են եւ ամեն ինչ գիտեն այդ հիվանդության մասին, բայց բուժման համակարգերը դեռ պետք է մշակվեն։ Մեկ բժիշկը բուժել չի կարող՝ համակարգ է հարկավոր», - ասաց Ներսես Սանոսյանը։






