Մազի ներկերի արտադրության գործընթացում ցանկացած խախտում մազի ներկերի եւ խնամքի պարագաների մեջ կարող է քաղցկեղածին քիմիկատներ առաջացնել, զգուշացրել են շվեդ հետազոտողները։ Լունդ համալսարանի գիտնականները պարզել են, որ վարսավիրների արյան մեջ առկա են մեծ քանակությամբ տոլուիդիններ. տոլուիդինը վտանգավոր քիմիկատ է, որի օգտագործումը արգելվել է Եվրոպական Միության կողմից 1990-ական թվականների սկզբին։ Հետազոտության մեջ ներգրավված գիտնականները անհանգստացած են առ այն, որ ժամանակակից մազի ներկերում եւ խնամքի պարագարներում դեռեւս օգտագործվում են այս արգելված տոլուիդինները։
Գիտնականները ուսումնասիրել են 295 կանանց վարսավիրների, 32 կանոնավոր կերպով մազերը ներկող կանանց եւ 50 կանանց, ովքեր 12 ամսվա ընթացքում ոչ մի տեսակի ներկ եւ խնամքի պարագա չեն օգտագործել։ Նրանք չափել են մասնակիցների արյան մեջ առկա քացղկեղածին 8 միացություններ՝ այդ թվում նաեւ տոլուիդիններ։ Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, ովքեր կանոնավոր կերպով առնչվել են մազի ներկերի եւ խնամքի պարագաների հետ, տոլուիդինների մակարդակը ավելի բարձր է եղել, ինչը միզապարկի քաղցկեղի առաջացման վտանգ կարող է հանդիսանալ։
Շվեդիայում Լունդ համալսարանի Մասնագիտական եւ բնապահպանական բժշկության բաժանմունքից դոկտոր Գաբրիելա Յոհանսոնը ասել է. « Բազմաթիվ քննարկումներ են տեղի ունենում, արդյոք ժամանակակից ներկերն ու խնամքի պարագաները քաղցկեղածին նյութեր պարունակում են, թե ոչ։ Մենք դեռ հստակ չգիտենք, քանի որ այս ապրանքները շատ բարդ եւ համալիր կառուցվածք ունեն։ Բայց մենք պետք է ավելի խորը ուսումնասիրություններ կատարենք, որպեսզի հասկանանք թե ինչպես է պատահում, որ նման միջոցների հետ հաճախ առնչվող մարդկանց արյան մեջ տոլուիդինների մակարդակը շատ բարձր է»։
Նա նաեւ ավելացրել է, որ վարսահարդարները պետք է շատ զգույշ լինեն եւ գույնը բացելիս ու մազերը ներկելիս պարտադիր ձեռնոց կրեն։ Ըստ հետազոտողների՝ այս դեպքում հիմնական ազդեցությունը առաջանում է մաշկի շփումից։






