Անցյալ տարի, որպես քաղցկեղի դեմ կանխարգելիչ միջոց, Անջելինա Ջոլիի կրծքագեղձերը հեռացրեցին: Վերջերս էլ դերասանուհին հայտարարել է, թե ցանկանում է ձվարանները եւս հեռացնել: Որքանո՞վ է արդարացված այդպիսի վիրահատությունը: Ինչպիսի՞ հետեւանքներ կարող են լինել: Եվ մի՞թե այդպես կարելի է քաղցկեղի առաջացում կանխարգելել: Այս բոլոր հարցերի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակիցը մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ինա Պերսոյանի հետ է զրուցել:
Անջելինա Ջոլիի մայրը` Մարշելին Բերտրանը եւ մորաքուրը` Դեբի Մարտինը ձվարանի քաղցկեղից են մահացել: Ջոլին վերջերս գենետիկ հետազոտություն էր անցել եւ պարզել, որ մորից այսպես կոչված «քաղցկեղի գեն» է ժառանգել. դա նշանակում է, որ նրա մոտ կրծքագեղձի քացկեղի առաջացման հավանականությունը 80 տոկոս է, իսկ ձվարանի քաղցկեղինը` 15 տոկոս: Հենց այդ պատճառով էլ Հոլիվուդի աստղը որոշել էր հեռացնել կրծքագեղձերը: Իր իսկ խոսքով` երեխաներին առանց մոր չթողնելու համար:
Գինեկոլոգ Ինա Պերսոյանի խոսքով, կրծքագեղձի հեռացումը կանխարգելման խիստ արմատական մեթոդ է եւ սովորաբար խորհուրդ չի տրվում: Իսկ ինչ վերաբերում է ձվարանների հեռացմանը, ապա դա արդեն շատ լուրջ եւ վտանգավոր քայլ է:
Իսկ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ ձվարանների հեռացումը
Ինա Պերսոյանի խոսքով, կրծքագեղձի հեռացումը, բացի կոսմետիկ խնդիրներից (որոնք պլաստիկ վիրահատությամբ կարող են հարթվել) սովորաբար ոչ մի այլ հետեւանքների չի հանգեցնում, սակայն ձվարանների հեռացումը կարող է վաղ եւ սովորականից կտրուկ դաշտանադադարի բերել: Սովորաբար, երբ ձվարանների ֆունկցիան սկսում է հանգչել, գործընթացը աստիճանաբար է տեղի ունենում, եւ օրգանիզմը հասցնում է սովորել էստրոգենների (կանացի սեռական հորմոնների) նվազեցմանը: Իսկ ձվարանների հեռացման դեպքում հորմոնների սինթեզն անմիջապես դադարեցվում է, ինչը կարող է լուրջ սթրես առաջացնել կնոջ օրգանիզմի համար:
Գինեկոլոգի գնահատմամբ, հետվիրահատական շրջանը խիստ ծանր է ձվարանները հեռացրած կնոջ համար, քանի որ նրա օրգանիզմում դաշտանադադարին հատուկ կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում` վատ տրամադրության, ուժեղ քրտնարտադրության` հատկապես գիշերային ժամերին, թուլության, դեպրեսիայի եւ այլ դրսեւորումներով:
Հետագայում այլ խնդիրներ եւս կարող են ծագել` միզասեռական սինդրոմ, միզարձակության եհտ խնդիրներ, մեծ է նաեւ սրտանոթային հիվանդությունների` սրտի կաթվածի եւ ինսուլտի, ինչպես նաեւ օսթեոպորոզի հավանականությունը:
«Կինը կարող է հեռացնել ձվարանները` քաղցկեղից խուսափելու համար, իսկ հետո` սրտի կաթվածից կամ ինսուլտից մահանալ», - նկատել է Ինա Պերսոյանը:
Կարելի՞ է որեւէ կերպ խուսափել այդ խնդիրներից
Ինա Պերսոյանի խոսքով, ձվարանների հեռացումից հետո փոխարինողական հորմոնալ թերապիա է իրականացվում` վիրահատության բացասական հետեւանքները մեղմելու նպատակով, սակայն մինչ այդ հարկավոր է մի շարք հետազոտություններ անցնել եւ, մասնավորապես, պարզել, թե որքան է կնոջ արյան մակարդելիության մակարդակը: Բանն այն է, որ փոխարինողական թերապիայի ժամանակ արյան մակարդելիությունն աճում է, եւ թրոմբների առաջացման ռիսկեր են գոյանում: Բացի այդ, հարկավոր է նաեւ կրծքագեղձերի եւ վահանաձեւ գեղձի, ինչպես նաեւ գինեկոլոգիական հետազոտություն անցնել:
Եթե գինեկոլոգը փոխարինողական թերապիայի համար հակացուցումներ չի հայտնաբերում, համապատասխան նշանակումները վերը հիշատակված բարդությունների դեմ լանխարգելման արդյունավետ միջոց կարող են դառնալ:
Արժե՞ արդյոք քաղցկեղի կանխարգելման համար ձվարանները հեռացնել
Ինա Պերսոյանի համոզմամբ, կինը պետք է որոշի` անե՞լ այդպիսի վիրահատություն, թե՞` ոչ: Նախ հարկավոր է բժշկի հետ խորհրդակցել, բոլոր առավելություններն ու թերություններն ըմբռնել եւ հետո միայն որոշում կայացնել: Հարկավոր է նաեւ հաշվի առնել, որ այդպիսի վիրահատությունը նվազեցնում է կյանքի որակը եւ ավելացնում այլ` ոչ պակաս վտանգավոր հիվանդությունների առաջացման վտանգը:
Իհարկե` ձվարանները հեռացնելով կարելի է քաղցկեղի դեմն առնել: Բայց կնոջ մարմնում բազմաթիվ այլ օրգաններ կան, եւ դժվար թե քաղցկեղի կանխարգելման նպատակով հնարավոր լինի դրանք բոլորը հեռացնել:






