Հայաստանի բոլոր բժիշկները միաձայն պնդում են, թե մեր ժողովուրդը հետազոտման, հիվանդությունների դեմ կանխարգելիչ միջոցառումների կուլտուրա չունի: Յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում հիշեցնում են` այս կամ այն հիվանդության դեմ որոշակի հաճախականությամբ ստուգվել է պետք: Մեր կայքը եւս պարբերաբար առողջության նկատմամբ ուշադիր գտնվելու կոչերով է հանդես գալիս: Խոսքը հատկապես կանանց է վերաբերում, հատկապես նրանց, ովքեր ավելի քան 40 տարեկան են: Մշտապես կոչ ենք անում գինեկոլոգին այցելել, մամոգրաֆիա անցնել, վահանաձեւ գեղձը, սրտի աշխատանքը, անոթների վիճակը ստուգել: Եկեք հիմա միջին վիճակագրական հայ կնոջ` միջին վիճակագրական եկամուտ ունեցող ընտանիքի մորը պատկերացնենք, ով որոշել է ականջալուր լինել մեր կոչերին:

Եվ այսպես, առաջին այցելությունը տեղական պոլիկլինիկա` գինեկոլոգի մոտ: Հիշյալ հաստատությունները, ինչպես բոլորին է հայտնի, անվճար են, սակայն բոլորս էլ շատ լավ գիտենք, թե որտեղ եւ ինչ կարող է անվճար լինել: Սոնոգրաֆիայի համար գումար չեն պահանջում, բայց եթե ներարգանդային հետազոտություն է հարկավոր (իսկ դա ձեզ հարկավոր կլինի), ստիպված պետք է լինեք 5000 դրամ վճարել: Եթե շտապում եք եւ չեք ցանկանում քսուկի հետազոտության արդյունքները մեկ շաբաթից ստանալ` այստեղ եւս այլընտրանք կա` 1500 դրամով վաղը համեցեք: Ընթացքում դեղատուն էլ կուղարկեն` միանգամյա օգտագործման գործիքներ գնելու համար: Դա, իհարկե, մանրուք է` ընդամենը 300 դրամ: 

Հիշեցնենք` սա միայն սկիզբն էր: Եթե հավելյալ հետազոտությունների կարիք ունենաք (իսկ Դուք կունենաք), կառաջարկեն դրանք ինչ-որ լաբորատորիաում անել (պոլիկլինիկայում հնարավորություն չկա): Լաբորատորիայի ընտրությունը բժշկի` նախօրոք ձեռք բերված պայմանավորվածություններից է կախված: Գները ստանդարտ են` 6000 դրամ` մեկ հետազոտության համար, իսկ ձեզ 3-ից 5-ը հարկավոր կլինի (հավելեք նաեւ բժշկական խորհրդատվության գումարը` 5000 դրամ):

Եթե որոշեք Պապանիկոլաուի թեստ հանձնել` պապիլոմավիրուսի առկայությունը ստուգելու համար (արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման համար), ապա հավելյալ 10000-15000 դրամ կպահանջվի:

Հիմա պատկերացնենք` Ձեր բախտը չի բերել` ինչ-որ բան են հայտնաբերել: Դա նշանակում է` յուրաքանչյուր անգամ դեղատուն մտնելիս 10 հազար դրամից մինչեւ անվերջություն գումար եք վճարելու` կրկին կախված նրանից, թե որ դեղագործական ընկերության հետ է ձեր բժիշկը համագործակցում: Բավարար գիտելիքներ, եւ ամենակարեւորը` ժամանակ ու ցանկություն ունենալու պարագայում կարող եք նշանակված դեղամիջոցների համեմատաբար էժան համարժեքները գտնել, սակայն տարբերությունները մեծ չեն լինի (ներմուծողները հոգ են տարել այդ մասին): Լավագույն տարբերակը Ռուսաստանում բնակվող ազգականներին դիմելն է, իսկ ավելի լավ է` Եվրոպայից ուղարկեն. այնտեղ կրկնակի անգամ էժան է:

Հիմա մամոգրաֆիայով զբաղվենք: Գներն այստեղ եւս ստանդարտ են` 20 հազար դրամի սահմաններում մամոգրաֆիայի ու կրծքի սոնոգրաֆիայի համար: Եթե ամեն ինչ հաջող անցնի` ոչինչ չհայտնաբերեն, կարող եք երջանիկ շրջել` մինչեւ հաջորդ ստուգումը, բայց եթե ինչ-որ բան, Աստված չանի` չարօրակ ուռուցք գտնեն, դա արդեն առանձին պատմություն է: 

Վահանաձեւ գեղձ. առաջին այցելության ժամանակ հարկավոր է ուլտրաձայնային (ստանդարտ 5000 դրամ, բայց հա, պոլիկլինիկայում անվճար է) եւ 5 հորմոնալ հետազոտություն անցնել, որոնք նույնպես ստանդարտ գին ունեն` 6000-ական դրամ: Եթե խնդիրներ հայտնաբերվեն, հաջորդ անգամ էլ (այցելությունները` տարին երկու անգամ) առնվազն երեք հետազոտություն է սպասվում:

Անոթների դոպլեր-հետազոտության միջին արժեքը 10 000 դրամ է: Տարրական սրտագրության համար կամ ոսկորների ռենտգեն հետազոտության համար՝ եւս մի քանի հազար դրամ։ Եթե սրտի սոնոգրաֆիկ հետազոտություն պահանջվի` դա արդեն 10 000 է, էլեկտրաուղեղագիրը` 15 հազար դրամ:  Էլ չխոսենք այն մասին, որ համակարգչային տոմոգրաֆիայի եւ միջուկա-մագնիսային ռեզոնանսի անհրաժեշտություն կարող է ծագել. Այստեղ գներն ընդհանրապես միջին աշխատավարձից էլ բարձր են: Այս ամենը դեռ ախտորոշմանն է ուղղված, եւ եթե, Աստված չանի, որեւէ հիվանդություն բացահայտվեց, կամ վիրահատության կարիք զգացվեց… Ճիշտ են ասում` այս երկրում կարեւորը չհիվանդանալն է:

Այսքանով հանդերձ, միջին վիճակագրական հայ կինը ո՞ր փուլի վրա կանգ կառնի: Իհարկե` զրոյական: Նշված գումարներով ավելի լավ է` երեխաներին հագցնեն ու կերակրեն: Միգուցե առողջությունն էլ տեղի չտա…

Եզրահանգումը մեկն է` առողջության նկատմամբ հոգատար վերաբերմունք քարոզելուց բացի (այդ կարեւոր գործով մենք շարունակելու ենք զբաղվել), այլ սոցիալական միջոցառումներ են հարկավոր: Թե ինչպիսի` թող պատկան մարմինները մտածեն:

Անահիտ Սարգսյան