Դասասենյակում Facebook-ի լրահոսը ստուգելուց առաջ հիշեք, որ այդ կերպ ձեր գնահատականների վրա եք ազդում: Վերջերս իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ, դասի ժամանակ Facebook կամ էլեկտրոնային փոստ մտնելով, ուսանողները ցածր գնահատականներ ստանալու ռիսկի են ենթարկվում, տեղեկացնում է Medical Daily-ն:
Նախկինում համոզմունք կար, թե, միաժամանակ մի քանի գործողություն կատարելով, կարելի է բարձր մտավոր կարողությունների եւ ուղեղի աշխատանքի արդյունավետության հասնել, այնինչ պարզվում է` հակառակ արդյունքը եւս կարող է գրանցվել: Computers & Education ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն, թեմատիկ ուսումնասիրությունը ինտերնետի ոչ ակադեմիական կիրառմանն է վերաբերել` էլեկտրոնային փոստի ստուգում, տեղեկատվական կայքերի ու սոցցանցերի լրահոսի ստուգում եւ այլն:
Ուսումնասիրությունը բուհերի շուրջ 500 ուսանողների շրջանում է իրականացվել` առ այն, թե ինչով են նրանք դասերին զբաղվում: Նրանց բոլորի ձեռքին սմարթֆոններ եւ պլանշետներ են եղել` դասընթացին վերաբերող գրառումների համար: Սակայն ուսանողներն ընթացքում նաեւ ոչ ակադեմիական նպատակներով են սարքերից օգտվել, ինչը շեղել է նրանց ուշադրությունը եւ հետագայում ցածր գնահատականների պատճառ դարձել:
Մեկ այլ հետազոտության համաձայն, 19-29 տարեկան ուսանողների 90 տոկոսն օգտվում է սոցցանցերից: Ընդ որում, տարիքային խմբի կեսից ավելին դա հեռախոսի օգնությամբ է անում:
Գիտնականները համոզմունք ունեն, որ ուսանողի ձեռքից հեռախոսը վերցնելով հարց չի լուծվում: Ընդհակառակը` ինտերնետի կիրառությունը պետք է դասապլանի մշտական բաղադրիչը դարձնել, քանի որ մասնավորապես սոցցանցերի կիրառությունը կարող է նաեւ դրական հետեւանքներ ունենալ: Օրինակ` Facebook-ի օգտատերերն ավելի հեշտ են հարաբերություններ կառուցում եւ միմյանց աջակցություն ցուցաբերում:






