Կատվի կղանքի մեջ բազմացող մակաբույծներից մեկը՝ տոքսոպլազմա գոնդին (T. gondii) քաղցկեղի բուժման նոր եղանակ է առաջարկում: Այն իմունային համակարգը ուռուցքների դեմ հարձակման խթանելու հատկություն ունի, հաղորդում է Medical Daily-ն:
Ճիշտ է՝ T. gondii միայն կատվի կղանքի մեջ չէ առկա: Այն ցանկացած կաթնասուն կենդանու, նաեւ՝ մարդու օրգանիզմում կարելի է գտնել: Մասնավորապես, երեք մարդուց մեկի, Միացյալ Նահանգների պարագայում՝ 60 մլն մարդկանց աղիքներում T. gondii-ն, որպես քաղցկեղի առաջացումը արգելակող գործոն, ներկայություն է ապահովել: Մակաբույծի օգտակար հատկանիշները բացահայտած գիտնականներն առավել ընդգրկուն հետազոտություններ անցկացնելու անհրաժեշտության առաջ են կանգնել:
Դարթմութի «Գեյզել» բժշկական դպրոցի միկրոկենսաբանության եւ իմունոլոգիայի պրոֆեսոր Դավիդ Բզիկը, մասնավորապես, նշել է, որ T. gondii-ով վարակված օրգանիզմը ցիտոտոքսիկ T-բջիջներ է արտադրում, որոնք ի վիճակի են ոչ միայն մակաբույծի, այն նաեւ՝ քացղկեղային բջիջները սպանել: Հետազոտությամբ հաստատվել է, որ քաղցկեղի դեմ պայքարող օրգանիզմին T. gondii ներկարկելով՝ հնարավոր է հիվանդության դեմ պայքարից ուժասպառ եղած օրգանիզմին երկրորդ շունչ հաղորդել:
Այդուհանդերձ, մակաբույծը նույնչափ վտանգավոր է օրգանիզմի համար, քանի որ վերարտադրվելու եւ բազմանալու պարագայում կարող է լուրջ բարդություններ ստեղծել: Գիտնականներին հաջողվել է ստերիլ՝ աճի եւ բազմացման հատկություններից զերծ T. gondii-ի բաղադրությամբ պատվաստանյութ ստեղծել՝ քաղցկեղի բուժումն առավելապես արդյունավետ եւ թիրախային դարձնելու համար: «Cps անունը կրող պատվաստանյութը միկրոսկոպիկ չափեր ունեցող գերհերոս է. այն ի վիճակի է քաղցկեղի՝ խելակորույս արագությամբ ընթացող «գնացքը» կանգնեցնել, հետընթաց շարժ խթանել, ապա սեղմել այնքան, որ անհետանա», - նկարագրել է պրոֆեսոր Բզիկը:
Քաղցկեղի դեմ իմունային թերապիան երկու եղանակ է ենթադրում. Բժիշկները փորձում են կամ խթանել այն, կամ էլ՝ որոշ բաղադրիչներով եւ մարդածին սպիտակուցները համալրել: Պրոֆեսոր Բզիկը վստահ է, որ Cps-ը քաղցկեղի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է դառնալու, քանի որ աննկարագրելի վստահությամբ է իր գործը անում. դրա առկայությամբ քաղցկեղն այլեւս ի վիճակի չէ մարդու իմունային համակարգը վերահսկել:






