Հատկապես ամռան նախընթաց ամիսներին՝ «բիկինիի սեզոնին» ընդառաջ, կանայք հաճախ են այս կամ այն խիստ սննդակարգին հետեւում՝ մի քանի հավելյալ կիլոգրամ կորցնելու համար: Ամերիկյացի հայտնի դիետոլոգներից մեկը՝ Ջիմ Ուայթը համոզմունք է հայտնում, որ հաջողության հասնելու համար գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պետք է «տղամարդավարի» սնվեն, հաղորդում է Medical Daily-ն: 

«Տղամարդավարի» սնվելու առաջարկն առաջից հայացքից կարող է հովանավորչության դրսեւորում թվալ, սակայն հետաքրքիր խորհուրդ է պարունակում: Դիետոլոգի խոսքով, կանայք, պարբերաբար խիստ եւ չկշտացնող սննդակարգի հետեւելով, քաշ կորցնելու, հավաքելու եւ կրկին կորցնելու անվերջ ցիկլ են հրահրում: Տորոնտոյի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ իրականացված վերլուծությամբ պարզվել է, որ սահմանափակ սննդի ջատագովները խիստ սննդակարգի ավարտից հետո «չափերն անցնելու» հակում ունեն: Իսկ ահա տղամարդիկ հազվադեպ են դիետայի օգնությանը դիմում: Իհարկե՝ որոշ դեպքերում նրանց էլ առավել առողջ եւ մաքուր սնունդը չի խանգարի, բայց խոսքն այդ մասին չէ:

Ճիշտ է՝ կանայք տարբերակվող կառույցով օրգանիզմ ունեն, եւ մանավանդ հայտնի է, որ արական հորմոնի՝ տեստոստերոնի օգնությամբ տղամարդիկ առավել արագ են քաշ կորցնում, բայց այնուամենայնիվ, Ջիմի համոզմամբ, «տղամարդավարի սնվելով»՝ իգական սեռի ներկայացուցիչները կարող են շոշափելի հաջողություններ գրանցել: Նրա խորհուրդները դրական արձագանք են գտել բազմաթիվ հեղինակավոր դիետոլոգների շրջանում, որոնց հատկապես դուր է եկել ֆիզիկական վարժություններից առաջ սպիտակուցներով հարուստ սնունդ ընդունելու գաղափարը:

Այնպես որ, հովանավորչական նկրտումների մեջ մեղադրելու փոխարեն, եկեք հասկանանք, թե ինչպես են, ըստ Ջիմի, տղամարդիկ սնվում եւ ճարպերի, սպիտակուցների ու ածխաջրատների հավասարակշռություն պահպանում:

1. Սպիտակուցներով հարուստ սնունդ

Ջիմ Ուայթի համոզմամբ, ցածր կալորիականությամբ՝ ճարպերի եւ սպիտակուցների թույլ բաղադրություն ունեցող սնունդը, որպես կանոն, շաքարի եւ նատրիումի ավելցուկ է առաջարկում, ինչը չի կարող բարեկարգ նյութափոխանակության հանգեցնել: Այնպես որ հարկավոր չէ կալորիականության հետեւից ընկնել:

2. Գարեջուր

Կանանց թվում է, թե տարատեսակ կոկտեյլներին նախապատվություն տալով՝ ճիշտ ընտրություն են կայացնում: Իրականում դրանք շաքարի մեծ պարունակություն են առաջարկում: Իսկ ահա գարեջուրը կշտացնում է մարդուն եւ հավելյալ սնունդից հետ պահում:

3. Ճարպերի ցածր բաղադրությամբ սննդամթերքի բոյկոտ

Տղամարդիկ հակված չեն սննդամթերքի մեջ ճարպերի բաղադրությանը ուշադրություն դարձնել: Ավելին՝ ճարպերի ցածր բաղադրությամբ ուտեստները կարող են հավելյալ ախորժակ հրահրել:

4. Ջուր

«Տղամարդավարի» ջուր խմելով՝ կարելի է ոչ միայն քաղցից, այլ նաեւ՝ ջրազրկումից խուսափել, ինչը կանանց պարագայում անհամեմատ ավելի կարեւոր նշանակություն ունի: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն առավել խոցելի են ջրազրկման հետեւանքների նկատմամբ: Մասնավորապես, էներգիայի պակասը լրացնելու համար նրանց սկսում են առավել շատ սնվել:

5. Որակյալ սնունդ

Ընդհանուր առմամբ, տղամարդիկ նախընտրում են սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրատների հավասարակշիռ բաղադրությամբ սնունդ ընդունել: Այստեղ կարեւորը ոչ թե քանակն է, այլ՝ որակը:

6. Հաճախ սնվեք

«Սառնարանից կախված» տղամարդիկ առավելություն ունեն՝ որոշակի ժամերին սնվող կանանց նկատմամբ: Նրանց օրգանիզմն առավել արագաշարժ նյութափոխանակությամբ է աչքի ընկնում: Ժամեր շարունակ սնունդ չստացող օրգանիզմը սկսում է «սովի» պայմաններին հարմարվել, ինչի արդյունքում նյութափոխանակությունը դանդաղում է:

7. Ոչ մի դիետա

Հիշեք՝ օրգանիզմի առաջ սահմանափակումներ դնելով՝ որոշ ժամանակ անց սկսում եք առավել շատ սնվել: Պարզապես հրաժարվեք «մեծ խնջույքներից», հավասարակշռված սնունդ ընդունեք եւ առողջ ապրելակերպ վարեք:

Այդուհանդերձ, Ջիմի խուրհուրդների նկատմամբ «հավասարակշռված» կասկածամտությունն էլ չէր խանգարի: