Պատվաստումների վնասակարության մասին կարծիքները թյուր են, որովհետեւ  առայսօր գիտականորեն ապացուցված է միայն պատվաստումների արդյունավետությունը։ Այսպես արձագանքեց Հայաստանի առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը պատվաստաումների վնասակարության մասին ակտիվ շրջանառվող տեղեկությունները մեկնաբանելու NEWS.am Medicine-ի խնդրանքին։

Մասնավորապես, կարծիքներ կան, որ պատվաստումները չեն կարող վարակիչ հիվանդություններին վերջ տալ, դրանք կլինեն, քանի դեռ կա մարդկությունը, ուղղակի կարող են վերանալ որոշ հիվանդություններ, իսկ դրանց փոխարինելու կգան ավելի վատ, մուտանտ վիրուսներ։ Նաեւ պատվաստումների հետ են կապում աուտիզմի կտրուկ աճը վերջին տասնամյակներում, մանկական քաղցկեղի աճը, Ալցհեյմերի հիվանդության եւ ցրված սկլերոզի տարածումը եւ այլն։ Ռուսաստանում պատվաստումների դեմ ակտիվ հանդես է գալիս բժիշկ Գալինա Չերվոնսկայան, որը խորհուրդ է տալիս մայրիկներին հրաժարվել  երեխաների պարտադիր պատվաստումներից։

Ըստ Գ. Սահակյանի, ոչ ոք դեռ ապացուցողական տվյալներ չի ներկայացրել պատվաստումների վնասակարության մասին։ «Իսկ հակառակի՝ պատվաստումների արդյունավետության, բազմաթիվ ապացույցներ կան։ Այսօր շատերն են մոռացել պոլիոմիելիտի եւ դիֆտերիայի մասին, կարմրուկի եւ կարմրախտի, իսկ դա հնարավոր է եղել միայն պատվաստումների շնորհիվ, որովհետեւ մեր երեխաների մոտ 95% պատվաստված է», - ասաց նա։ Ըստ մասնագետի, 50%-ով կրճատվել է մենինգիտը մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում, կրճատվել են ռոտավիրուսային վարակներով պայմանավորված  դիարեաները՝ մեկ տարվա կտրվածքով կա 20%-անոց հոսպիտալացումների նվազում։ «Այս ամենը արդյունավետության մասին է խոսում», - ասաց նա։

Ինչ վերաբերում է աուտիզմի եւ պատվաստումների կապին, ապա, ըստ Գ. Սահակյանի, աուտիզմի պատճառները մինչ այսօր դեռ պարզաբանված չեն։ «20 տարի առաջ հոդված լույս տեսավ, ընդամենը հոդված, որում ասվում էր, որ կարմրուկի, կարմրախտի եւ խոզուկի պատվաստումները հնարավոր է դեր են կատարում աուտիզմի առաջացման գործում։ Արդյունքում երկու հզոր հետեզոտություն կատարվեց ԱՄՆ-ում եւ Դանիայում, որոնց ընթացքում գնահատվեցին  աուտիզմի ցուցանիշները չպատվաստված երեխաների հսկիչ խմբում, եւ պատվաստված երեխաների խմբում, եւ, հավատացեք, ոչ մի տարբերություն երկու խմբերի ցուցանիշների մեջ չկար», - ասաց նա, հավելելով, որ հետագայում նմանատիպ հետազոտություն կատարվեց նաեւ Անգլիայում։ «1995 թվականին, երբ որ այդ աղմուկը բարձրացավ, թե կարմրուկ -կարմրախտ-խոզուկ պատվաստումը առաջացնում է աուտիզմ, Անգլիայում այդ պատվաստումը հանեցին օրացույցից, եւ արդյունքում աուտիզմի դեպքերը չպակասեցին, իսկ 1998 թվականից երկրում կարմրուկի խոշոր բռնկում սկսվեց», - ասաց նա։

Կան նաեւ կարծիքներ, որ եթե, այնուամենայնիվ, պատվաստումները անհրաժեշտություն են, ապա գոնե պատվաստանյութերը պետք է լինեն միավալենտ, այսինքն մեկ պատվաստում մեկ հիվանդության դեմ, որպեսզի երեխայի իմունային համակարգի վրա մեծ ծանրաբեռնվածություն չընկնի։ Այս կարծիքները մեկնաբանելով, տիկին Սահակյանը նշեց, որ այսօր ամբողջ աշխարհը գնում է համակցված պատվատանյութերի, եւ դա բխում է հենց երեխայի շահերից՝ նրան մեկ անգամ են ներարկում անում վեցի փոխարեն։ «Մարդու, այդ թվում երեխայի օրգանիզմը կարող է միաժամանակ պատասխանել 150 անտիգենի, այսինքն 150 հիվանդության դեմ օրգանիզմը կարող է միաժամանակ աշխատել, եւ դա բնական է. մարդը ստերիլ միջավայրում չի ապրում, բազմաթիվ հարուցիչներով է շրջապատված, բայց չի հիվանդանում։  Նույն սկզբունքը դրված է նաեւ պատվաստումների մեջ», - ասաց նա, հավելելով, որ Հայաստանում տարեկան երեք անգամ միջինը 40 հազար երեխա (մինչեւ մեկ տարեկան) ստանում է եռավալենտ պատվաստումը՝ այսինքն 120 հազար դոզա պատվաստում։ «Ուրեմն համարժեք պետք է ունենանք 40 հազար հիվանդ երեխա, ընկճված օրգանիզմներ, որոնք տարբեր վարակիչ հիվանդություններով վարակվում են, բայց այդպիսի բան գոյություն չունի, մենք նման բան չենք գրանցում», - ասաց նա։ 

Հայաստանում պարտդաիր մանկական պատվաստումների թվին են պատկանում ծնվելու առաջի օրերին իրականացվող  ԲՑԺ-ն (BCG, Bacillus Calmette-Guerin) տուբերկուլյոզի դեմ եւ  հեպատիտ B-ի պատվատումը: Հեպատիտ B-ի առաջին կրկնապատվաստումն իրականացվում է հնգավալենտ  պատվաստանյութով, որն իր մեջ ներառում է դիֆտերիայի, փայտացման, հեմոֆիլուս Ինֆլյուենսաի եւ  կապույտ հազի  դեմ պատվաստանյութերը: Պատվաստումն իրականացվում է ԱԿԴՍ (կամ ԱԿԴՍ-Մ)-ի եւ պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութի հետ միասին: Պոլիոմիելիտի դեմ կարող են պատվաստել կյանքի առաջին տարում ներքին ընդունման կաթիլների միջոցով: Այս պատվաստումները հիմնականում իրականցվում են պոլիկլինիկայում 2,5-ից մինչեւ  3,5 ամսականը:  4,5 ամսականից հետո կատարվում են կարմրուկի, կարմրախտի եւ խոզուկի դեմ պատվաստումները, որոնք նույնպես պարտադիր են:

Հեպատիտ  A եւ  C դեմ պատվաստումները պարտադիր չեն :