Համաձայն վիճակագրական տվյալների, մարդյության շուրջ 1 տոկոսը ռեւմատոիդ արթրիտով է տառապում: Այս հիվանդությունը, հոդերի բորոբոքում եւ ցավ առաջացնելուց բացի, նաեւ աճառային հանգույցներն ու ոսկերները քայքայելու հատկություն ունի: ETH Zurich ընկերության մասնագետները հիվանդության բուժման համար մշակված հատուկ մոտեցումը լաբորատոր մկների վրա են փորձարկել, որի ընթացքում, գիտնականների հավաստիացմամբ, կենդանիների լիարժեք ապաքինում է գրանցվել, հաղորդում է Medical Daily-ն:
Նոր դեղամիջոցն իրենից երկու հիմնական բաղադրիչների խառնուրդ է ներկայացնում: Առաջին բաղադրիչը մարդու օրգանիզմում առկա ինտերլեյկին-4 իմունային միացությունն է, որը ոսկորների ու աճառների պաշտպանությունն ապահովելու ներուժ ունի: Երկրորդ բաղադրիչի՝ հակամարմնի հետ զուգակցմամբ կիրառման դեպքում այն բորբոքված հյուսվածքներում առկա սպիտակուցներին միանալու հատկություն է դրսեւորում:
Ասել է, թե՝ ինտերլեյկին-4-ի՝ հիվանդ հյուսվածքներին միացումը երաշխավորվում է, ինչը կարող է ոչ միայն դեղամիջոցի բարձր արդյունավետությունն ապահովել, այլ նաեւ՝ հիվանդին կողմնակի ազդեցություններից զերծ պահել: Գիտնականները վերը նկարագրված խառնուրդը մեկ այլ հակաբորբոքային դեղամիջոցի՝ դեքսամետաքոնի հետ համարդությունն են փորձարկել՝ ռեւմատոիդ արթրիտով հիվանդ լաբորատոր մկների վրա ազդեցության համեմատական վերլուծություն իրականացնելու նպատակով:
Խառնուրդի եւ դեղորայքի առանձին օգտագործման պարագայում ընդամենը հիվանդության աճի դանդացում է արձանագրվել, իսկ ահա համադրությամբ կիրառման պարագայում կենդանիների մոտ մի քանի օր անց բոլոր ախտանշանների վերացում եւ իմունային համակարգի կարգավորում է նկատվել: Մարդկանց նկատմամբ փորձարկումները, գիտնականների հաղորդմամբ, հաջորդ տարի են մեկնարկելու:






