Այն, ինչ տարիներ առաջ հոգեբուժարանների թշվառ պատերից ներս «էլեկտրաշոկի թերապիա» անվանումն էր ստացել, մանրազննին վերամշակում ու թիրախավորում է անցել եւ այլեւս պատրաստ է՝ ուղեղի աշխատանքի խթանում ենթադրող միջոցների շարք վերադառնալու համար: Արեւմտյան Ավստրարլիայի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները վստահ են, որ թույլ եւ հաջորդական էլեկտրամագնիսական իմպուլսները կարող են ուղեղի կազմակերպվածության մակարդակի բարելավման հանգեցնել: Մի խոսքով՝ ինչպես վերջերս լաբորատոր մկների վրա իրականացված հետազոտության արդյունքներն են վկայում, հաջորդական տրանսկրանիալ մագնիսական խթանումն ի վիճակի է ոչ նորմալ նյարդային հանգույցների վերակազմակերպման հնարավորություն ընձեռել, հաղորդում է Medical Daily-ն:
Ուղեղի աշխատանքի խթանման տեսակները
Ուղեղի աշխատանքի խթանում հետապնդող միջոցառումներից ամենալայն տարածումը էլեկտրաջղաձգային թերապիան ունի, որի պարագայում էլեկտրական հոսանքի միջոցով օրգանի աշխատանքը կարճ ժամանակով կաթվածահար վիճակի է բերվում: Այս տհաճ պրոցեդուրան ուղեղի քիմիական կառույցը փոխելու եւ, որոշ դեպքերում, մտավոր հիվանդության ախտանշաններն անմիջապես վերացնելու ներուժ ունի եւ կիրառելի է հատկապես այն դեպքերի համար, երբ դեղամիջոցներն ու բուժման այլ եղանակները անարդյունք են մնում:
Այդուհանդերձ, էլեկտրաջղաձգային թերապիան բացասական կողմեր էլ ունի, քանի որ բարձր լարվածությամբ կիրառման դեպքում կարող է հիվանդի վաղ հիշողությունների կորստի, ուղեղի վնասվածքի եւ նույնիսկ մահվան հասցնել:
Սակայն գիտնականները շարունակում են այն կարծիքին մնալ, որ ուղեղի՝ էլեկտրական հոսանքի օգնությամբ խթանման գաղափարն անփոխարինելու արդյունավետություն ունի եւ, մասնավորապես տրանսկրանիալ մագնիսական խթանման տեսքով կիրառման՝ նյարդային բջիջների աշխատանքին նոր որակ հաղորդելու դեպքում կարող է բազմաթիվ հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարի միջոց ծառայել: Համենայն դեպս, գոնե դեպրեսիայի պարագայում, թերապիայի միջոցը ԱՄՆ սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչության հավանությանն է արժանացել:
Հետազոտության հրապարակված արդյունքները մանրամասն նկարագրություն են պարունակում առ այն, թե ինչպես են մագնիսական իմպուլսները ոչ նորմալ տեղանքում հայտնված նյարդային հանգույցների անհրաժեշտ տեղաշարժն իրականացնում: Ընդ որում, հետազոտության հեղինակները գրեթե ապացուցված են համարում այն հանգամանքը, որ թերապիայի նոր միջոցը, մարդկանց նկատմամբ կիրառման դեպքում, նվազագույն կողմնակի ազդեցությունների է հանգեցնելու:
«Մեզ համար այլեւս պարզ է, թե ինչպես պետք է թերապիայի այս միջոցն օգտագործել՝ հիվանդություններից դեմ անվտանգ պայքար մղելու համար», - նշել է հետազոտության հեղինակ Կալինա Մակովիեցկին:






