Հայտնի է, որ սուրճը մի շարք օգտակար հատկություն ունի: Բայց որ այն կարող է նաեւ կանանց մոտ ականջների զնգոց կանխարգելել՝ բոլորովին վերջերս է պարզվել, հաղորդում է Medical Daily-ն:
Բոստոնի բուժհաստատություններից մեկի՝ Բրայամի կանանց հիվանդանոցի գիտահետազոտական խմբի անդամները 18 տարիների ընթացքում 30-44 տարեկան 65 հազար առողջ կանանց բժշկական տվյալներն են վերլուծել: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նվազագույն քանակով «ականջների զնգոց» է ախտորոշվել այն կանանց մոտ, որոնք սուրճի՝ առավելագույն ծավալներով օգտագործման մասին տվյալներ են հաղորդել: Եւ ընդհակառակը՝ ախտորոշման 5289 դեպքերից մեծ մասի պարագայում խոսքն այն կանանց մասին է գնում, որոնք օրական սահմանափակ ծավալով՝ առավելագույնը 150 մգ կոֆեին են ընդունել (մեկուկես բաժակ): Մեկ օրվա ընթացքում միջինը 450-600 մգ օգտագործողների հետ համեմատությամբ, նրանց մոտ վիճակի ախտորոշման հավանականությունը 15 տոկոսով բարձր է գնահատվել:
«Բացահայտված կապի պատճառը շարունակում է անհայտ մնալ: Թեեւ գաղտնիք չէ, որ կոֆեինը կենտրոնական նյարդային համակարգը խթանելու եւ, ինչպես գիտականորեն եւ լաբորատոր պայմաններում է ապացուցվել, ներքին ականջի վրա ազդեցություն գործելու ներուժ է դրսեւորում: Բացի այդ էլ, ականջի զնգոցից խուսափելու նպատակով սուրճի օգտագործման ծավալների աճի արդյունավետությունը հաստատող հետագա հետազոտությունների կարիք է զգացվում». – նշել է հետազոտության հեղինակ, բուժհաստատության ցանցային բժշկության բաժնի աշխատակից դոկտոր Գարի Կուրհանը՝ հավելելով, որ օրական հինգ բաժակ սուրճն, այնուամենայնիվ, շատ է մարդու համար: Ճիշտ է՝ վերոհիշյալ չափաքանակը ենթադրաբար կարող է օգտակար լինել լսողության, ինչպես նաեւ՝ հաստատաբար՝ շաքարախտից, Պարկինսոնի հիվանդությունից եւ աչքի հետ կապված բարդություններից խուսափելու համար, բայցեւայնպես, բազմաթիվ այլ խանգարումների առաջացման սպառնալիք է պարունակում:
Վերջերս իրականացված մեկ այլ հետազոտությամբ պարզվել է, որ սուրճի չարաշահմամբ աչքի ընկնող մարդկանց մոտ ոչ միայն կարող է կախվածություն, այլ նաեւ՝ պսիխոզ, օստեոպորոզ եւ մկանների սպազմ առաջանալ:
«Սուրճի բացասական ազդեցությունների մասին հաճախ չեն բարձրաձայնում, քանի որ այս հանրահայտ թմրանյութը վաղուց արդեն մարդկության առօրյա կյանքի անբաժանելի մասն է դարձել: Այնինչ քչերին է հաջողվում, անհրաժեշտության դեպքում, հրաժարվել դրա օգտագործումից, ինչն արդեն իսկ խնդրահարույց նշան է հանդիսանում», - մեկնաբանել է հիշյալ հետազոտության հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Լաուրա Ջուլիանոն:
Հիմա կհարցնեք՝ այդ դեպքում որքա՞ն սուրճ խմենք՝ թե բացասական ազդեցություններից խուսափելու, եւ թե դրական հատկանիշները վայելելու համար: ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտը խորհուրդ է տալիս օրական օգտագործման ծավալները 3 բաժակով սահմանափակել:






