2013 թվականին Հայաստանում ընդհանուր մահերի թիվը կազմել է 27196։ Նախորդ, 2012 (27599), 2011 (27963), 2010 (27560) թվականների համեմատ մահացության բացարձակ թիվը մի փոքր նվազել է։ Այս մասին են վկայում տվյալները, որոնք NEWS.am Medicine-ին Ազգային Առողջապահական ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Բազարչյանն է տրամադրել։
Մահացության պատճառների մեջ առաջին տեղում արյան շրջանառության հիվանդություններն են՝ մահերի թիվը այս հիվանդություններից կազմել է 12960։ Այս ցուցանիշը եւս նախորդ տարիների համեմատ նվազել է. 2012–ին այն կազմել է 13330, 2011–ին՝ 13315, 2010–ին՝ 13657։ Սրտի իշեմիկ հիվանդություններից 2013 թվականին մահացել է 8483 մարդ (2012–ին՝ 8421, 2011–ին՝ 8244, 2010–ին՝ 8212), այդ թվում սուր ինֆարկտից՝ 2386 (2012–ին՝ 2600, 2011–ին՝ 2555, 2010–ին՝ 2796)։
Բարձր է մնում մահացությունը նորագոյացություններից։ 2013 թվականին Հայաստանում այս պատճառով 5608 մարդ է մահացել, այդ թվում չարորակ ուռուցքներից՝ 5568։ Հինգ տարվա կտրվածքով այս թիվը ամենաբարձրն է եղել 2012–ին՝ 5625 (5607):
Դժբախտ պատահարների եւ թունավորումների զոհ են դարձել 1281 մարդ։ 2012 թվականին այս թիվը կազմել է 1359, 2011–ին՝ 1363, 2010–ին՝ 1249։
Պերինատալ (շուրջծնական) շրջանում առաջացող առանձին վիճակների պատճառով 2013 թվականին Հայաստանում 167 նորածին է մահացել կամ մահացած ծնվել։ Եւ այս ցուցանիշը եւս նախորդ տարիների համեմատ նվազել է. 2012-ին այն կազմել է 200, 2011–ին՝ 223, 2010–ին՝ 199։
Կանանց մահերի թիվը հղիության, ծննդաբերության եւ հետծննդաբերական շրջանում 2013 թվականին կազմել է 9, 2012–ին՝ 8, 2011–ին՝6, 2010–ին՝4։ Ինչպես տեսնում ենք, այս ցուցանիշը աճ է գրանցել։
Հոգեկան խանգարումների հետեւանքով 2013 թվականին Հայաստանում մահացել է 6 մարդ, 2012–ին՝ 7, 2011–ին՝ 7, 2010–ին՝ 2։






