Պատվաստումից հետո 48 ժամվա ընթացքում զարգացած ջերմությունը կապվում է պատվաստման հետ՝ դա օրգանիզմի հետպատվաստումային պաշտպանողական հակազդեցությունն է։ Եթե ջերմությունը բարձրանում է 48 ժամը լրանալուց հետո, ապա դա այլ սուր պրոցեսի սկիզբ է, NEWS.am Medicine-ին ասաց Հայաստանի առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, մեկնաբանելով փոքրիկ երեխաների մահվան վերջին երկու դեպքերը, որոնք ծնողները կապում են պատվաստման հետ։

«Եթե ջերմային հակազդեցություն է լինում 5-րդ կամ 6-րդ օրը, դա բոլորովին պատվաստման հետ չի կապվում, դա կարող է լինել այլ հիվանդության սուր սկիզբ, եւ ժամանակային առումով դա ուղղակի համընկում է, եւ իհարկե ծնողը կկապի պատվաստման հետ, որովհետեւ դա վերջին միջամտությունն է եղել։ Ծնողներին պետք է զգուշացնել, որ եթե երեխայի ջերմությունը չի իջնում, չի ենթարկվում ջերմիջեցնող դեղերի ազդեցությանը, ապա անմիջապես պետք է դիմել բուժհաստատություն, ոչ թե երեխային տանը պահել մի քանի օր, վիրուսն էլ իր չարագործ ազդեցությունը թողնի, ու այլեւս հնարավոր չլինի նրան փրկել», - ասաց Գ. Սահակյանը։

Ինչ վերաբերում է պատվաստումների հակացուցումներին, ապա, ըստ Գ. Սահակյանի, պատվաստումը հակացուցված է չարորակ գոյացությունների ժամանակ, որովհետեւ այդ դեպքում իմունային համակարգը ճնշված է լինում եւ չի արձագանքում պատվաստումներին։ Թիմոմեգալիան, ըստ նրա, վաղուց արդեն այդ ցանկից հանված է։  

«Կան նաեւ ժամանակավոր հակացուցումներ, եթե անհատի մոտ այդ պահին կա սուր պրոցես, այսինքն սուր շնչառական հիվանդության ախտանշաններ են նկատվում, ջերմություն, հազ, կամ էլ քրոնիկ հիվանդությունների սրացում է դիտվում», - ասաց նա։

Մեկնաբանելով շրջանառվող լուրերը Հայաստան ներկրվող պատվաստանյութի վատ որակի մասին, տիկին Սահակյանը հավաստիացրեց, որ Հայաստան պատվաստանյութ է ներկրվում միայն եվրոպական երկրներից եւ որակը երաշխավորված է։ Ըստ նրա, պատվաստանյութը բերվում է տարին մեկ անգամ։ Այն ունի երեք տարվա պիտանելիության ժամկետ, բայց սպառվում է հենց ներկրման տարում։

«Բոլոր մեր պատվաստանյութերը այսօրվա դրությամբ միայն եվրոպական արտադրության են, մենք չունենք այլ տեղերից ներկրում, թեպետ որպես մասնագետ ես դեմ եմ ժողովրդի մեջ տիրող վերաբերմունքին, թե հնդկականը, կամ այլ երկրների արտադրությունը լավը չէ։ Ամեն դեպքում, բոլոր երկրներում պատվաստանյութը ստեղծվում է նույն մեխանիզմով, նույն մեթոդաբանությամբ։ Ուղղակի մենք, նկատի ունենալով մեր ժողովրդի մտավախությունը եւ վերաբերմունքը զարգացող երկրների արտադրանքի հանդեպ, միշտ բերում ենք եվրոպական արտադրության պատվաստանյութ», - ասաց նա։

Խոսելով այն բանի մասին, որ շատերը գերադասում են օգտվել այլընտրանքային, վճարովի ծառայությունից, տիկին Սահակյանը նշեց, որ եթե իրենք էլ հայտարարեին, որ այսուհետ պետությունը պատվաստումներն իրականացնում է վճարովի հիմունքներով, վստահությունը ավելի բարձր կլիներ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, նոյեմբերին Հայաստանում երեխաների երկու մահվան դեպք է եղել, եւ, ըստ ծնողների, երեխաները մահացել են պատվաստումից հետո։ Ըստ բժիշկների, մեկ տարեկան աղջիկը Երեւանում մահացել է պոլիսեգմենտ ցնցումային սինդրոմից, իսկ երկու ամսական աղջիկը Սպիտակում գաղտնի թոքաբորբ է տարել։