Մտածելու, որոշումներ կայացնելու, վերջին իրադարձությունները վերհիշելու կարողությունը եւ շատ այլ բաներ ապահովում է մեր ուղեղի նեոկորտեքսը (նոր կեղեւը): Այժմ Կալիֆոռնիայի համալսարանի նյարդաբանները բացահայտել են այդ գործառույթների հիմքում ընկած մեխանիզմների հիմնական ասպեկտները: Նրանց բացահայտումները կարող են ի վերջո օգնել բարելավել որոշ նյարդահոգեբուժական խանգարումների եւ ուղեղի վնասվածքների բուժումը: Նրանց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Neuron ամսագրում։

Գիտնականներին վաղուց հայտնի է, որ նեոկորտեքսը միավորում է, այսպես կոչված, ուղիղ եւ հետադարձ կապով տեղեկատվության հոսքերը: Հետադարձ կապի տվյալները փոխանցվում են ուղեղի սենսորային համակարգերով՝ ծայրամասից (մեր զգայական օրգանները) դեպի նեոկորտեքսի ավելի բարձրագույն կարգի գոտիներ: Ուղեղի այս ավելի բարձր մակարդակի հատվածներն այնուհետեւ ուղարկում են հետադարձ տեղեկատվություն՝ սենսորային մշակումը կատարելագործելու եւ ուղղելու համար: Այսպիսի հետադարձ կապը թույլ է տալիս ուղեղին լինել ուշադիր, պահպանել կարճաժամկետ հիշողությունը եւ որոշումներ կայացնել:

«Հասարակ օրինակ՝ երբ ուզում ես անցնել բանուկ փողոցը,- ասում է փիլիսոփայության դոկտոր, հետազոտության հեղինակ, Կենսաբանական գիտությունների դպրոցի նյարդագիտության եւ վարքագծի ամբիոնի դոցենտ Դյորջի Լուրը,- Այստեղ կան ծառեր, մարդիկ, շարժվող մեքենաներ, լուսացույցներ, նշաններ եւ շատ այլ բաներ: Բարձրագույն մակարդակի նեոկորտեքսը ձեր զգայական համակարգին հայտնում է, թե դրանցից որոնք են արժանի ուշադրության, որպեսզի որոշի, թե երբ պետք է անցնել փողոցը»:

Մինչ այժմ գիտնականները չգիտեին, թե ինչպես են ուղեղի նեյրոնները ներգրավված այս բարդ գործընթացներում: Լուրը եւ նրա գործընկերները պարզել են, որ ուղիղ եւ հետադարձ կապի ազդանշանները համընկնում են նեոկորտեքսի առանձին նեյրոնների հետ: Հետազոտողները նաեւ պարզել են, որ կեղեւային նեյրոնների տարբեր տեսակներ միավորում են այս երկու տեղեկատվական հոսքերը նկատելիորեն տարբեր ժամկետներում եւ բացահայտել են այդ տարբերությունների հիմքում ընկած բջջային եւ սխեմատիկ ճարտարապետությունը:

«Գիտնականներն արդեն գիտեին, որ զգայական մի քանի մարմինների ինտեգրումը բարելավում է նեյրոնների արձագանքը,- նշում է Լուրը,- Եթե դուք միայն ինչ-որ բան եք տեսնում կամ միայն լսում եք, ձեր արձագանքման ժամանակը դանդաղում է, համեմատած նրա հետ, երբ դուք այն ընկալում եք միաժամանակ երկու զգայարաններով: Մենք բացահայտել ենք հիմնական մեխանիզմները, որոնք դա հնարավոր են դարձնում»: