Աչքի հայ վիրաբույժներն այսօր ոչնչով չեն զիջում զարգացած երկրները ներկայացնող իրենց գործընկերներին, իսկ նրանց՝ վերջին տարիներին գրանցած առաջընթացը պարզապես անհավանական է: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում վերը բերված տեսակետը Լոս-Անջելեսի մանկական հիվանդանոցի ակնաբուժական կենտրոնի տնօրեն Թոմաս Լին է հայտնել:
Ամերիկացի մասնագետն առաջին անգամ 4 տարի առաջ է Հայաստանում եղել՝ իր գործընկերների հետ միասին հայ ակնաբույժներին անհասների ռետինոպաթիայի ախտորոշման եւ բուժման եղանակները ներկայացնելու համար: Դոկտոր Լիի խոսքով, ընդամենը մեկ տարի անց Հայաստանում բարեհաջող իրականացվող վիրահատությունների տոկոսային հարաբերությունը ԱՄՆ-ում գրանցվող ցուցանիշին է հասել, եթե ոչ ավելի առաջ անցել:
Հայ վիրաբույժների վարպետության մակարդակը, դոկտոր Լիի համոզմամբ, այսօր չափազանց բարձր է, քանի որ «բժիշկներն այստեղ նվիրված են իրենց գործին եւ հաճույքով են նորամուծություններն ընկալում»: Իսկ մանկական կուրության բուժման եւ կանխարգելման նոր կենտրոնի բացումը կարող է էլ ավելի լայն հնարավորություններ ստեղծել հայ բժիշկների համար: Կառույցի վիրահատարանը բոլոր անհրաժեշտ սարքավորումներով է զինված եւ, որոշ իմաստով, նույնիսկ ԱՄՆ-ում գործող վիրահատարաններից է առաջ անցել, հավաստիացրել է վիրաբույժը:
Դոկտոր Թոմաս Լին նաեւ նշել է, որ Հայաստանում հեռաբժշկության՝ առաջիկայի համար ակնկալվող զարգացումը տեղացի մասնագետների վարպետության մակարդակը եւս մեկ աստիճանով բարձրացնելու հնարավորություն կարող է ընձեռել:






