ԱՄՆ Դալաս քաղաքի բուժհաստատություններից մեկում, որտեղ հոկտեմբերի 8-ին լիբերիացի Թոման Էրիկ Դունկանն էր մահացել՝ Էբոլա հեմոռագիկ տենդից, եւս մեկ աշխատակից է մահացու վտանգավոր հիվանդությամբ վարակվել:

Տեխաս նահանգի իշխանությունների հաղորդմամբ, վարակված բուժաշխատողը հատուկ ինֆեկցիոն մեկուսարան է տեղափոխվել: Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել այն մասին, որ Դունկանի խնամքով զբաղված բուժքույրերից մեկի մոտ հեմոռագիկ տենդով վարակում է ախտորոշվել:

BBC-ի վկայակոչմամբ, հիվանդանոցի բուժքույրերը հայտարարել են, թե Էբոլայով վարակված հիվանդի ընդունման պահից ի վեր՝ մի քանի օր առանց հատուկ պաշտպանիչ համազգեստի են մնացել:

Ավելի վաղ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի ղեկավար Թոմաս Ֆրիդենը բուժանձնակազմի կողմից մի շարք կաննոնների խախտման դեպքերի մասին էր հայտարարել, որոնք էլ, պաշտոնյայի խոսքով, բուժքրոջ վարակման պատճառն են դարձել:

Սակայն բուժքույրերի միությունը հերքեր է հիշյալ պնդումը՝ հայտարարելով, թե այդ ընթացքում Էբոլա հեմոռագիկ տենդով վարակված հիվանդների խնամքը կազմակերպող բուժանձնակազմի համար նախատեսված որեւէ հատուկ կանոններ ընդունված չեն եղել: