«Հայաստանում չկան բժշկական օգնության սպասարկման ծառայությունների որակի չափանիշներ և որակի վերահսկման կոմիտեներ»։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը՝ անդրադառնալով օրերս մեծ աղմուկ բարձրացրած միջադեպին, երբ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կլինիկայում իրականացված պլաստիկ վիրահատության ժամանակ 56-ամյա կնոջ ինքնազգացողությունը վատացել էր, տեղափոխվել էր այլ հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր։

«ՀՀ–ում բժշկական բոլոր կազմակերպությունները լիցենզավորվում են, սակայն բժշկական ծառայությունների  մատուցման համար տրամադրվող լիցենզիան ենթադրում է պահանջ–պայմանների մինիմալ կատարում։ Այսինքն համապատասխան տարածք է հարկավոր ու տեխնիկա, ինչպես նաև բժշկական կրթություն ունեցող մասնագետի առկայություն պետք է լինի։ Մարդը դիմում է հիվանդանոց, որքան էլ այն լավ վերանորոգված լինի, ավելի կարևոր է, թե ինչպես է ընթանում բուժման պրոցեսը, և ինչ վիճակով է մարդը դուրս գալիս հիվանդանոցից՝ լավացա՞ծ, թե՞ վատացած։ Ցավոք սրտի, չունենք նման վերահսկողություն իրականացնող կառույց»,–ասաց Ծաղիկ Վարդանյանը։

«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համահիմնադիրի խոսքով, լիցենզիայով սահմանված պայմաններից մեկն էլ վերակենդանացման բաժանմունքների առկայությունն է, սակայն հաճախ փոքր կլինիկաներում գործող վերակենդանացման բաժանմունքներում անհնար է լինում սպասարկել բարդ դեպքեր, որոնցից էր նաև օրեր առաջ տեղի ունեցած միջադեպը, և կլինիկան ստիպված է լինում բուժառուին տեղափոխել այլ հիվանդանոց։

Մասնագետի խոսքով, էսթետիկ վիրահատությունների ժամանակ առաջացող խնդիրների պատճառներից մեկն էլ այն է, որ ՀՀ–ում վատ վիճակում են գտնվում նաև ախտաբանաանատոմիական ծառայությունները։ Նա նշեց. «հետմահու ախտորոշումը պետք է ուղենիշ լինի հաջորդիվ նման դեպքերից խուսափելու համար»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Երևանում մահացել էր «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում օրեր առաջ մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված 56-ամյա բուժառուն։