Ֆրանսիացի իմունոլոգ-ալերգոլոգ–թոքաբան Ֆրեդերիկ դը Բլեյը «Նաիրի» բժշկական կենտրոնում էր։ Ստրասբուրգի համալսարանական հիվանդանոցի պրոֆեսորը մի քանի օր պացիենտների է ընդունել բուժկենտրոնի ռևմատոլոգիական և իմունոլոգիական ծառայությունում: 50–ից ավելի պացիենտ, տարբեր աստիճանի ծանրության  եւ տարբեր ալերգոլոգիական խնդիրներով, հնարավորություն է ունեցել խորհրդատվություն ստանալ անվանի բժշկից։

«Պացինտները եղել են բազմաբնույթ, հատկապես շատ հետաքրքիր էին ասթմայով պացիենտները։ Ունեցել ենք բազմաթիվ տարբեր դեպքեր, խնդրահարույց դեպքեր, ծանր դեպքեր։ Նույնիսկ ունեցել ենք ինտենսիվ թերապիայի կարիք։

Յուրաքանչյուր պացիենտի համար մշակվել է առանձին բուժման սխեմա, իհարկե միմիայն հիմնվելով ապացուցողական բժշկության հիման վրա, միջազգային ուղեցույցների հիման վրա, փոփոխվել են որոշակի սխեմաներ, նոր սխեմաներ են մշակվել, տրվել են խորհուրդներ, արդեն ձեւավերված տվյալ պացիենտի համար որպես բուժման սխեմա, իհարկե դրանք նաեւ հետագայում կարիք ունեն վերանայման, վերաստուգման, վերագնահատման, կախված պացիենտի վիճակից», – ասում է «Նաիրի» ԲԿ թոքաբան Իրինա Խաչատրյանը։

Բազմաթիվ պացիենտների ընդունելով ֆրանսիացի բժիշկը համոզվել է՝  Հայաստանում, մասնավորապես, «Նաիրի» բժշկական կենտրոնում, ասթմայի ճիշտ եւ ժամանակակից բուժում է իրականացվում։  Կենտրոնը նաեւ ալերգիկ հիվանդությունների վարման նոր մեթոդներ ու դեղորայք է ներդնում։ Ֆրեդերիկ դը Բլեյն ասյտեղ է, որպեսզի կիսվի նորագույն մեթոդների կիրառման եվրոպական փորձով։

«Մեծ հաճույքով եմ աշխատել հիվանդանոցի տարբեր բժիշկների հետ։ Կարծում եմ՝ «Նաիրի» բժշկական կենտրոնը ունի բոլոր պայմանները՝ ալերգոլոգիայի առաջատար կենտրոն դառնալու համար։ Այստեղ ալերգոլոգիան զարգացնելու ճանապարհը, կարծում եմ, պետք է լինի աստիճանական, առաջադիմական մեթոդներով, ներգրավելով երիտասարդ բժիշկների, որոնք պետք է վերապատրաստվեն մասնագիտացված կենտրոններում, ավելացնեն իրենց գիտելիքները, հետո վերադառնան Հայաստան եւ աստիճանաբար կիրառեն դրանք», – նշում է եվրոպացի բժիշկը։  

Ֆրեդերիկ դը Բլեյն ասում է՝ աշխարհում ալերգիկ հիվանդությունների թիվը տարեցտարի աճում է։ Օրինակ, Չինաստանում 2000–ականների սկզբին ալերգիկ ռինիտի տարածվածությունը կազմում էր 3 տոկոս, իսկ այսօր այդ թիվը հասել է 30 տոկոսի։ Բարեբախտաբար, դրան զուգահեռ աճում են նաեւ բուժման հնարավորությունները։

«Օրինակ՝ Ֆրանսիայում ալերգիայով մարդիկ կազմում են բնակչության մոտ 1/3-ը, ինչը նշանակում է, որ 20 միլիոն ֆրանսիացի ալերգիա ունի։ Սա մեծ թիվ է։ Եվ ես վստահ եմ, որ այստեղ նույնն է պատկերը, գուցե ավելի քիչ, բայց շատ մոտ:

Բարեբախտաբար, նաեւ բուժման հնարավորություններն են ավելանում՝ օրինակ դեսենսիբիլիզացիան, որն արդյունավետ կիրառվում է հատկապես ալերգիկ ասթմայի, ռինիտի, կոնյուկտիվիտի դեպքում: Նորագույն մեթոդներից է իմունաթերապիան՝ ավելի ծանր ասթմայի կամ ավելի ծանր ռինիտի համար:

Նաեւ այս ոլորտում շատ ակտիվ հետազոտություններ են արվում։ Ստրասբուրգի հիվանդանոցում, որտեղ ես աշխատում եմ, մենք բազմաթիվ նոր դեղամիջոցների վրա ենք աշխատում։ Վստահ եմ, որ այս ոլորտում նոր նվաճումներ են լինելու», – պատմում է նա։

Ֆրանսիացի բժշկի այցը իրականացվել է «Սանտե Աղմենի» հայ–ֆրանսիական կազմակերպության ջանքերով, որը վաղուց հաջողությամբ համագործակցում է «Նաիրի» բուժկենտրոնի հետ։ Հենց այս համագործակցության շնորհիվ է հիվանդանոցում ստեղծվել իմունոլոգիական եւ ռեւմատոլոգիական ծառայությունը, որը մի քանի օրով հյուրընկալել է Ֆրեդերիկ դը Բլեյին։

«Մեծ պատիվ էր մեր ծառայությունում հյուրընկալել պրոֆեսոր Դը Բլեյին, ++ եւ բոլորս մենք բան ունենք սովորելու կլինիկական մեծ փորձ ունեցող պրոֆեսորից, ով որ կիրառում է իր պրակտիկայում ավելի քան 25 տարի դեղորայք, որոնք մենք նոր ենք սկսել, եւ մենք ունենք մեծ հնարավորություն շարունակելու համագործակցել, վերապատրաստվել, դառնալ ավելի լավը, ավելի կատարելագործվել, եւ այսպիսի հնարավորությունները միշտ ուրախության առիթ են տալիս թե բժշկական կենտրոնին, թե բժիշկներին, եւ թե բուժառուներին մեծ օգուտ է տալիս», – ասում է «Նաիրի» ԲԿ Ռևմատոլոգիական և իմունոլոգիական ծառայության ղեկավար Վահան Մուկուչյանը։

Անվանի բժշկի այցը հենց այս ժամանակահատվածում շատ կարեւոր է «Նաիրի» բուժկենտրոնի համար, որը պատրաստվում է մեծ կլինիկական հետազոտության։

«Առաջիկայում նաիրի բժշկական կենտրոնը պատրաստվում է մեծ հետազոտական ծրագրի՝ ասթմա թեմայով, եւ պրոֆեսորին նույնպես ներկայացվել է այդ ամեն ինչը, եւ տրվել են խորհուրդներ պրոֆեսորի կողմից, ցուցումներ, որոնք կարծում եմ մեզ հետագայում շատ պետք կգան, եւ շատ կարեւոր է դիտարկել այն հանգամանքը, որ նման բան Նաիրի բժշկական կենտրոնում առաջին անգամ է տեղի ունենում», – ասում է Իրինա Խաչատրյանը։

Այցի ընթացքում Ֆրեդերիկ Դը Բլեյը նաեւ դասախոսությամբ է հանդես եկել ոլորտի վերջին նորությունները ներկայացնելով Հայաստանի տարբեր բուժկենտրոնների մասնագետներին։