Սիդնեյի համալսարանի գիտնականները պարզել են, որ բերանի խոռոչում առողջական խնդիրներ ունեցող կանայք խիստ հակված են միգրեն, որովայնի և մարմնի ցավերի: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Pain Research (FPR) բժշկագիտական հանդեսում:
Ուսումնասիրության մասնակցել են առողջ և ֆիբրոմիալգիայով հիվանդ կանայք: Սա հիվանդություն է, որի ժամանակ մկանների և հոդերի մշտական ցավ է առաջանում՝ տարածվելով ամբողջ մարմնով։ Ցավը տևում է առնվազն երեք ամիս, որի ընթացքում մարդն արագ հոգնում է և ենթակա է ճանաչողական և հուզական խանգարումների: Ֆիբրոմիալգիայի ընդհանուր ախտանիշը միգրենն է:
Առաջին փուլում գիտնականները գնահատել են մասնակիցների ատամների և լնդերի վիճակը՝ օգտագործելով ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) մասնագիտացված հարցաթերթիկը: Հետազոտողները հատուկ ուշադրություն են դարձրել բերանի խոռոչի միկրոբիոմի բաղադրությանը։ Սա բերանի խոռոչում բնակվող բոլոր միկրոօրգանիզմների ամբողջությունն է՝ բակտերիաներ, սնկեր, վիրուսներ և կյանքի այլ մանրադիտակային ձևեր:
Ըստ հետազոտության արդյունքների՝ բերանի խոռոչի խնդիրներ ունեցող մասնակիցները 60%-ով ավելի շատ են զգացել մարմնի չափավոր կամ ուժեղ ցավ և 49%-ով ավելի շատ են բողոքել միգրենից: Dialister, Fusobacterium, Parvimonas և Solobacterium սեռերի պայմանական-պաթոգեն բակտերիաների չորս տեսակ զգալիորեն կապված է ցավային համախտանիշի զարգացման հետ:
Գիտնականները դեռ չեն կարողանում հստակ որոշել, թե բերանի խոռոչի միկրոբիոմի խախտումն ինչպես է քրոնիկական ցավ պատճառում: Հետազոտողները հիշեցրել են, որ մանրէաբանական հավասարակշռությունը պահպանելու համար անհրաժեշտ է ամեն օր խոզանակով և ատամնաթելով մաքրել ատամները, ինչպես նաև չափավորել քաղցր սննդի ընդունումը։






