Microsoft-ի ղեկավար Բիլ Գեյթսն այս տարի աշխարհի ամենաաղքատ երկրներում մալարիայի եւ այլ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ իրականացվող պայքարին ավելի քան 500 մլն ԱՄՆ դոլարի չափով նվիրատվություն կատարելու մտադրությամբ է հանդես եկել: Այս մասին հայտարարությունը, ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, միլիարդատիրող կողմից Արեւադարձային բշկության եւ հիգիենայի ամերիկյան ընկերակցության՝ Նոր Օռլեանում (Լուիզիանայի նահանգ) կազմակերպված ամենամյա նիստի շրջանակում է հնչեցվել:
Գեյթսը հույս է հայտնել, որ մալարիան արդեն իսկ ընթացիկ դարի կեսերին կարող է վերջնականապես արմատախիլ արվել: Այդ նպատակի իրականացման համար նա մտադիր է տարեկան ավելի քան 200 մլն դոլարի չափով նվիրատվություն կատարել: «59-ամյակս վերջերս է լրացել: Ինձ համար մեծ հիասթափություն կլինի, եթե չկարողանամ մինչ այդ օրը ապրել», - նշել է Microsoft-ի համահիմնադիրը:
«Բիլլ եւ Մելինդա Գեյթս» հիմնադրամը վաղուց է գումարներ նվիրաբերում՝ մալարիայի դեմ պայքարին, իսկ այժմ էլ նվիրատվությունը 30 տոկոսի չափով ավելացնելու որոշում է կայացվել: Մասնավորպես, առաջիկա հինգ տարիներին ավելի քան 150 ԱՄՆ դոլար մալարիայի դեմ պատվաստանյութի մշակման միջազգային նախաձեռնության աջակցությանն է ուղղվելու: Նշենք, որ հիշյալ ինֆեկցիոն հիվանդության զոհերի թիվը, գլխավորապես՝ Աֆրիկայի բնակիչների շրջանում, տարեկան ավելի քան 600 հազարի կարող է հասնել:
Այս տարի Արեւադարձային բշկության եւ հիգիենայի ամերիկյան ընկերակցության նախաձեռնությամբ կազմակերպվող գիտաժողողների նկատմամբ մեծ ուշադրություն է դրսեւորում, քանի որ դրանց շրջանակում, ի թիվս այլոց, նաեւ Էբոլա տենդի դեմ պայքարին վերաբերող հարցեր են քննարկվում:
Հիշեցնենք, որ Բիլ Գեյթսն արդեն իսկ 50 մլն դոլար է հատկացրել՝ հեմոռագիկ տենդի տարածման դեմ պայքարին: Microsoft-ի մյուս համահիմնադրի՝ Պոլ Ալենի նվիրատվության չափը 100 մլն դոլար է կազմել, իսկ Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգինը՝ 25 մլն դոլար:






