Բազմաթիվ զույգերի համար արտամարմնային բեղմնավորումը երեխա ունենալու վերջին միջոցն է հանդիսանում: Այդուհանդերձ, եթե որոշել եք նման քայլի դիմել, բազմաթիվ անպատասխան մնացած հարցերի եւ մտահոգությունների առաջ կարող եք կանգնել: Կանանց պարագայում այդ բոլորը մեկ ընդհանուր հարցական նշանի տեսք են ստանում՝ կարո՞ղ եմ արդյոք երեխա ունենալ:

Դա թերեւս միակ հարցն է, որին ժամանակակից բժշկությունը չի կարող միանշանակ պատասխան տալ:

«Գոնե տեսանելի ապագայի համար անպտղության լավագույն բուժումը շարունակելու է արտամարմնային բեղմնավորումը մնալ», - համոզված է Քլիվլենդի հիվանդանոցի պտղաբերության մասնագետ, մանկաբարձ-գինեկոլոգ դոկտոր Ռեռեկա Ֆլիկտը՝ հիշեցնելով, որ այն, ի տարբերություն այլ բուժամիջոցների, պտղաբերության ամենաբարձր ցուցանիշն է ապահովում: Կախված տարիքից՝ արտամարմնային պտղաբերության օգնությամբ երեխա ունենալու միջին հավանականությունը 31-41 տոկոս է կազմում, թեեւ կարող է նաեւ 65 տոկոսի հասնել:

Մի խոսքով, եթե այս պատասխանն էլ Ձեզ գոհացրեց, ապա պետք է պատրաստ լինեք անմնացորդ ջանքեր նվիրել՝ պատասխանատու գործին: Քանի որ խնդրո առարկա բուժամիջոցը չափազանց ժամանակատար եւ ծախսատար գործընթաց է ենթադրում:

«Իմ հիվանդներին միշտ ասում եմ, որ գործընթացը կես դրույքով աշխատանքի է նման: Չի կարելի մտածել, թե դեղահաբեր ընդունելու նման մի բան է սպասվում», - մեկնաբանել է դոկտոր Ֆլիկտը:

40-ամյա Նիկոլ Հերբստը այդ ամենն իր մաշկի վրա է զգացել:

«Երբ ամուսնուս՝ Ռոբի հետ որոշեցինք արտամարմնային բեղմնավորման դիմել, պարզվեց՝ ողջ դաշտանային ցիկլս պետք է վերահսկողության տակ առնվի: Նախ՝ ձվազատում չպետք է ունենայի, հետո էլ՝ ֆոլիկուլներս պետք է ավելի մեծ թվով ձվաբջիջներ արտադրելու խթան ստանային: Ռոբն ամեն օր չորս ներարկում էր կատարում՝ որովայնիս հատվածում: Իսկական բուժքույր էր դարձել», - մտաբերում է նա:

Է՞լ ինչ պետք է ակնկալել

Դոկտոր Ֆլիկտը պրոցեդուրան երեք փուլերով է ներկայացնում.

• Փուլ 1. Ներարկումների միջոցով ֆոլիկուլների արտադրության աճ եւ ձվազատման դադարեցում: Բազմակի այցելություններ կլինիկա՝ արյան եւ ուլտրաձայնային հետազոտություններ անցնելու նպատակով:

• Փուլ 2. Հասուն ձվաբջիջների կորզում՝ աննշան վիրաբուժական միջամտությամբ, որից հետո Պետրիի անոթներում սպերմատոզոիդներով ներարկում է իրականացվում՝ բեղմնավորման համար:

• Փուլ 3. Բեղմնավորված ձվաբջիջը 3-5 օր շարունակ՝ նախքան սաղմ(եր)ի ներպատվաստումը, լաբորատոր պայմաններում մասերի է բաժանվում եւ զարգանում: Սակայն նախավերջին փուլում նաեւ զտման գործընթացը կարող է տեղ գտնել, երբ, որոշ հիվանդությունների, մասնավորապես՝ բշտիկային ֆիբրոզի, մկանային դիստրոֆիայի եւ Դաունի համախտանիշի առկայությունը բացառելու նպատակով, բոլոր բեղմնավորված սաղմերի ստուգումներ են իրականացվում:

Ներպատվաստման օրը հարկավոր է մի շարք որոշումներ կայացնել: Ներառյալ՝ թե քանի սաղմի ներպատվաստում պետք է իրականացվի (թեւ հարցի շուրջ որոշակի սահմանափակումներ, այնուամենայնիվ, գործում են), եւ մնացած սաղմերն ինչ պետք է արվեն (կարող են սառեցվել):

«Սաղմի ներպատվաստման օրն իսկական տոն է զույգի համար: Պրոցեդուրայի արգանդի մեջ իջեցված փափուկ կաթետերի օգնությամբ է իրականացվում: Ընդ որում, կինն այդ ընթացքում սթափ վիճակում է գտնվում եւ կարող է էկրանի միջոցով ողջ գործընթացին հետեւել: Այնուհետեւ մի քանի րոպե հանգստանում է եւ, մի շարք հանձնարարականներով զինված, տուն վերադառնում», - նկարագրում է դոկտոր Ֆլիկտը: 

Հերբստ ամուսինները ողջ գործընթացը երկու անգամ են անցել: Առաջին դեպքում ներպատվաստւմը հաջող չէր անցել:

«Այդ ամենի միջով անցնելու համար հարկավոր է թիկունքում թե ֆինանսական, եւ թե էմոցիոնալ օժանդակություն ապահովել: Առաջին փորձի ժամանակ մեծ ճնշվածություն եւ տագնապ էի զգում, ինչը հորմոնային ֆոնին էր անդրադարձել», - պատմել է տիկին Հերբստը:

Երկրորդ փորձն էլ ֆինանսական տեսանկյունից էր ծանր, քանի որ բժշկական ապահովագրությամբ նախատեսված չէր:

«Մեր ողջ կյանքում հավաքած խնայողություններն էինք ծախսում եւ ինքներս մեզ հարց տալիս՝ ի վերջո արդյունք ունենալո՞ւ ենք: Չէ՞ որ կարող ես ամբողջ գումարդ ներդնել եւ վերջում էլ առանց երեխայի մնալ», - հիշողություններն է կիսել Նիկոլ Հերբստը:

Այդուհանդերձ, ներպատվաստման օրվանից երկու շաբաթ անց նրա հղիությունը հաստատվել էր:

Իսկ ծննդաբերությունն էլ ընթացիկ տարվա մարտ ամսին է տեղի ունեցել՝ Fairview հիվանդանոցում: Հերբստերը հիմա գեղեցկուհի դուստր ունեն: