Մադրիդում Էբոլայով վարակված բուժքույրը, ով արդեն ազատվել է մահացու վտանգավոր հիվանդությունից, բայց մինչ այդ էլ՝ խուճապային տրամադրությունների եւ քաղաքական մեղադրանքների պատճառ դարձել, հիվանդանոցից դուրս գրվելիս իր արյունն է առաջարկել՝ վարակակիրների բուժման համար, հաղորդում է FoxNews-ը:

44-ամյա Թերեզա Ռոմերոն առաջին մարդն է, ով ընթացիկ՝ շուրջ 5 հազար մարդու մահվան պատճառ դարձած վարակը համաճարակի՝ Արեւմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում ուրվագծված սահմաններից դուրս՝ Մադրիդի հիվանդանոցներից մեկում՝ հետագայում մահացած երկու հոգեւորականների խնամքն իրականացնելիս է ձեռք բերել: Նրա վարակման փաստը բողոքի ալիք էր բարձրացրել Իսպանիայի կառավարության դեմ՝ առ այն, որ առողջապահական ոլորտի աշխատողները համարժեք վերապատրաստում չեն անցնում եւ սարքավորումներ ու հանդերձանք չեն ստանում՝ Էբոլայի դեմ պայքարի անվտանգ կազմակերպման համար:

«Մինչեւ հիմա չգիտեմ՝ որտեղ էր սխալս, միգուցե եւ ամեն ինչ ճիշտ եմ արել», - անկեղծացել է բուժքույրը՝ դուրսգրման առթիվ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում: Հատկանշական է, որ բուժհաստատությունում մինչ այժմ Թերեզա Ռոմերոյի վարակման միջոցի բացահայտմանը միտված ներքին հետաքննություն է ընթանում: 

«Սակայն համոզված եղեք, որ զարյացած չեմ եւ չեն ցանկանում կշտամբել որեւէ մեկին: Ավելին՝ միգուցե վարակմանս փաստն օգտակար լինի՝ հիվանդության հետագա ուսումնասիրման եւ դրա դեմ որեւէ դեղամիջոցի կամ պատվաստանյութի մշակման համար», - նշել է բուժքույրը՝ Կառլոս III հիվանդանոցի՝ իր բուժումն իրականացրած անձնակազմի եւ ամուսնու ներկայությամբ: 

Բժիշկների հաղորդմամբ, Թերեզա Ռոմերոն Լիբերիայում Էբոլայով վարակված եւ հետագայում վիրուսի հրահրմամբ ի հայտ եկող մահացու վտանգավոր տենդից ապաքինված միսիոներ միանձնուհու հակամարմինների եւ ֆավիպիրավիր անվամբ հայտնի փորձարարական դեղամիջոցի օգնությամբ է հիվանդության դեմ կենաց եւ մահու պայքարը հաջողությամբ ավարտել:  Ընդ որում, միանշանակ պարզ չէ, թե բուժման որ բաղադրիչն է գլխավորապես ապաքինման հանգեցրել:

Ֆավիպիրավիրը կամ Ավիգանը ճապոնական Toyama Chemical Co. ընկերության ջանքերով է արտադրվում:

Նախքան ախտորոշման պահը Թերեզա Ռոմերոյի հետ շփումներ ունեցած բոլոր անձինք, ներառյալ բուժքրոջ ամուսինը, արդեն իսկ ազատ են արձակվել կարանտինից: Միակ բացառությունը ռոմերոների շունը՝ Էքսկալիբուրն է, որն էվթանազիայի է ենթարկվել՝ Մադրիդի՝ վարակի տարածմամբ մտահոգված իշխանությունների որոշմամբ: Տեղեկությունը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել՝ աշխարհի բոլոր անկյուններում կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների շրջանում:

Մինչ այդ, Թերեզա Ռոմերոյի բուժումն իրականացրած մասնագետները եւ նրա հիվանդասենյակի մաքրուհիները ստիպված կլինեն մինչեւ ընթացիկ ամսվա վերջ պարբերաբար ստուգումների ենթարկվել՝ հիվանդությամբ վարակման հնարավորությունը բացառելու համար: Խոսքը գլխավորապես ջերմաչափմանն է վերաբերում, քանի որ հիվանդության գլխավոր ախտանշանը բարձր ջերմությունն է: Այլ ախտանշաններից են արյունահոսությունը, փսխումը եւ փորլուծությունը:

Հիվանդությունը օրգանիզմից արտազատված հեղուկ զանգվածների միջոցով է տարածվում: