Չինացի գիտնականները Էբոլա հեմոռագիկ տենդից պաշտպանող կոստյում են մշակել, որը, գաղափարի հեղինակներից մեկի հավաստիացմամբ, վիրուսի՝ զտիչների ողջ համակարգով ներթափանցման հավանականությունը 0,01 տոկոսի է հասցնում:
«Սինխուա» գործակալության հաղորդմամբ, Crown Name Disposable Hygiene Products Fty. Ltd. ընկերությունը կոստյումի մոդելը արտասահմանցի գնորդներին է ներկայացրել: Վաճառքի հարցերով պատասխանատու Գաո Յանի (Gao Yan) հավաստիացմամբ, համազգեստը հերմետիկ նյութից է պատրաստված եւ կրկնակի ճարմանդներ ունի:
ՉԺՀ-ի դեղամիջոցների եւ առողջության վերականգնմանը միտված այլ ապրանքների արտահանման եւ ներմուծման հարցերով զբաղվող առեւտրային պալատի կողմից ներկայացված տվյալների համաձայն, պաշտպանիշ բժշկական համազգեստների համաշխարհային շուկայում չինական արտադրողների բաժինը ներկայումս ավելի քան 50 տոկոս է կազմում:
2014թ.-ի առաջին կեսին Չինաստանը 361 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական հանդերձանք է արտահանել:






