ՄաքՄասթերի համալսարանի և Հանրային առողջության հետազոտությունների ինստիտուտի գիտնականները պարզել են, որ աչքի ցանցաթաղանթի սքանները կարող են ծառայել որպես կարևոր «պատուհան»՝ դեպի անոթային համակարգի վիճակը և մարդու կենսաբանական ծերացման արագությունը։
Science Advances ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ցանցաթաղանթի ավելի պարզ, քիչ ճյուղավորված արյունատար անոթներ ունեցող մարդկանց մոտ նկատվում է սիրտ-անոթային հիվանդությունների ավելի բարձր ռիսկ, ուժեղացած բորբոքում և կյանքի ավելի կարճ տևողություն։
Հետազոտողների խումբը վերլուծել է ավելի քան 74 000 մասնակիցների տվյալները չորս խոշոր կոհորտներից՝ Ծերացման կանադական երկարաժամկետ ուսումնասիրությունը (CLSA), Շաքարախտի աուդիտի և հետազոտության Թեյսայդի գենետիկայի ուսումնասիրությունը (GoDARTS), Մեծ Բրիտանիայի բիոբանկը (UK Biobank) և PURE (Prospective Urban Rural Epidemiological) նախագիծը։ Նրանք համատեղել են ակնահատակի նկարները, գենետիկ տվյալները և արյան անալիզները։
Հետազոտությունը բացահայտել է, որ ցանցաթաղանթի անոթային կառուցվածքի փոփոխությունները՝ ավելի քիչ ճյուղավորված անոթները, նվազած բարդությունը, փոխկապակցված են մարմնի այլ մասերի անոթների վիճակի հետ։ «Աչքը եզակի, ոչ ինվազիվ տեսք է տալիս դեպի օրգանիզմի շրջանառու համակարգը», – բացատրում է ավագ հեղինակ, ՄաքՄասթեր համալսարանի պրոֆեսոր Մարի Փիժերը։
Բացի այդ, արյան անալիզը և գենետիկան թույլ են տվել բացահայտել կոնկրետ սպիտակուցներ, օրինակ՝ MMP12-ը և IgG–Fc ընկալիչ IIb-ն, որոնք կարող են ներգրավված լինել անոթային ծերացման և բորբոքման գործընթացում։ Հետազոտողները ենթադրում են, որ այս սպիտակուցները պոտենցիալ թիրախներ են ապագա դեղամիջոցների համար, որոնք ուղղված են անոթային ծերացման դանդաղեցմանը, սիրտ-անոթային հիվանդությունների բեռի նվազեցմանը և կյանքի տևողության երկարացմանը։
Հեղինակները նշում են, որ թեև այժմ սիրտ-անոթային հիվանդությունների և ծերացման ռիսկերը գնահատելու համար պահանջվում է մի շարք թեստեր, ապագայում ակնահատակի սքանավորումը կարող է դառնալ վաղ ախտորոշման արագ և մատչելի մեթոդ։ Սակայն գործնական կիրառման համար դեռ անհրաժեշտ են հետագա հետազոտություններ և կլինիկական փորձարկումներ։






