Գիտնականները մշակել են արհեստական բանականության համակարգ, որն ունակ է պարզել մարդու կենսաբանական ծերացման արագությունը բառացիորեն դեմքի լուսանկարներով։
Աշխատությունը հրապարակվել է Nature Communications հանդեսում։
Արդյունքները բավականին տագնապալի են եղել. մարդիկ, որոնց դեմքը սովորականից ավելի արագ է ծերանում, ուռուցքային հիվանդությունների դեպքում ապրելու զգալիորեն ավելի ցածր շանսեր ունեն։
Հետազոտությունն իրականացրել է Mass General Brigham-ի՝ ԱՄՆ խոշորագույն բժշկական հետազոտական կենտրոններից մեկի մասնագետների խումբը։ Նրանց FaceAge կոչվող համակարգն օգտագործում է խոր ուսուցման տեխնոլոգիաներ՝ գնահատելու համար այսպես կոչված կենսաբանական տարիքը, այսինքն՝ այն, թե որքան «մաշված» տեսք ունի օրգանիզմը ֆիզիոլոգիական տեսանկյունից, այլ ոչ թե ըստ անձնագրի։
Նոր աշխատության մեջ հետազոտողներն էլ ավելի հեռուն են գնացել։ Նրանք վերլուծել են ոչ թե մեկ լուսանկար, այլ միևնույն բուժառուի մի քանի լուսանկարներ՝ արված բուժման տարբեր ժամանակահատվածներում։ Այսպես ի հայտ է եկել նոր չափանիշ՝ «դեմքի ծերացման արագությունը»։ Ըստ էության, համակարգը հետևում է, թե որքան արագ է մարդու արտաքինն սկսում կենսաբանորեն ավելի տարեց երևալ ժամանակի ընթացքում։
Գիտնականներն ուսումնասիրել են 2012-2023 թվականն ընկած ժամանակահատվածում ճառագայթային թերապիա անցած 2279 ուռուցքային բուժառուների լուսանկարներ։ Պարզվել է, որ շատ բուժառուների դեմքը ծերացել է նկատելիորեն ավելի արագ, քան սովորական օրացուցային տարիքը՝ մոտ 40%-ով։ Եվ որքան բարձր է եղել ծերացման այդ արագությունը, այնքան ցածր է եղել գոյատևման հավանականությունը։
Հատկապես ուժեղ կապ է նկատվել այն բուժառուների մոտ, որոնց լուսանկարների միջև ընկած ժամանակահատվածը կազմել է երկու և ավելի տարի։
Հետաքրքիր է, որ հետազոտողներն այդ մեթոդը պոտենցիալ շատ հարմար են համարում ապագայի բժշկության համար։ Ի տարբերություն արյան բարդ հետազոտությունների, գենետիկական թեստերի կամ թանկարժեք հետազոտությունների, դեմքի լուսանկարները կարելի է ստանալ գրեթե իրական ժամանակում։ Ըստ ճառագայթային ուռուցքաբան Ռայմոնդ Մակի՝ դա կարող է բժիշկներին օգնել ավելի ճշգրիտ գնահատել բուժառուների վիճակը, ճշգրտել ապաքինումը և կանխատեսել հիվանդության ընթացքը։
Հեղինակներն ընդգծում են, որ խոսքն առայժմ սելֆիով «մահվան կախարդական դետեկտորի» մասին չէ։ Տեխնոլոգիան դեռևս հետագա հետազոտությունների կարիք ունի, հատկապես մարդկանց ավելի բազմազան խմբերի վրա։ Բայց բուն գաղափարը, որ սովորական դեմքը կարող է թաքնված տեղեկություն պարունակել օրգանիզմի ներքին վիճակի մասին, ժամանակակից գիտությունն ավելի ու ավելի է հաստատում։






