Արիզոնայի համալսարանի գիտնականների անցկացրած խոշոր կլինիկական հետազոտությունը ցույց է տվել, որ ազիտրոմիցին հակաբիոտիկը չի օգնում անհետաձգելի օգնության բաժանմունքներ ընդունված նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում սուլող շնչառության ծանր նոպաների ժամանակ:

AZ-SWED անվանումով III փուլի հետազոտությանը մասնակցել է 18-59 ամսական 840 երեխա՝ ԱՄՆ-ի մանկական անհետաձգելի օգնության ութ բաժանմունքներից: Մասնակիցները հինգ օր շարունակ ստացել են կամ ազիտրոմիցին, կամ պլացեբո, իսկ նրանց վիճակը գնահատվել է հատուկ սանդղակի միջոցով, որը հաշվի է առնում շնչառությունը, հազը, ախորժակը, տրամադրությունը և ամենօրյա այլ ախտանիշներ:

Արդյունքները, որոնք հրապարակվել են New England Journal of Medicine բժշկագիտական հանդեսում և ներկայացվել Օրլանդոյում անցկացված American Thoracic Society կոնֆերանսում, ցույց են տվել զգալի տարբերության բացակայություն հակաբիոտիկի և պլացեբոյի խմբերի միջև:

Գիտնականները միաժամանակ ուսումնասիրել են վերին շնչուղիներում պոտենցիալ վտանգավոր բակտերիաների առկայության և սվսվող շնչառության նոպաների միջև կապը: Երեխաների ավելի քան կեսը եղել է Streptococcus pneumoniae, Moraxella catarrhalis կամ Haemophilus influenzae բակտերիաների կրող, սակայն նույնիսկ այդ դեպքերում ազիտրոմիցինը չի բարելավել ախտանիշները:

Հետազոտության ղեկավար Ֆերնանդո Մարտինեսը հայտարարել է, որ արդյունքները համոզիչ կերպով ցույց են տալիս՝ հակաբիոտիկները չպետք է ըստ սովորույթի նշանակվեն փոքր երեխաներին սվսվող շնչառության ծանր դրվագների ժամանակ, քանի որ նման վիճակներն ավելի հաճախ կապված են վիրուսային վարակների, այլ ոչ թե բակտերիաների հետ:

Հետազոտությունն ընդգծում է նաև հակաբիոտիկների չարաշահման ռիսկերը, ներառյալ՝ դեղամիջոցների նկատմամբ բակտերիաների կայունության աճը և երեխայի իմունային համակարգի ձևավորման վրա հնարավոր ազդեցությունը:

Հետազոտությանը մասնակցած երեխաների մեծ մասը միաժամանակ վարակված է եղել շնչառական վիրուսներով, հատկապես՝ մրսածության վիրուսով: Գիտնականները կարծում են, որ հենց վիրուսային վարակներն են առանցքային դեր խաղում երեխաների  սվսվող շնչառության և ասթմայի ախտանիշների զարգացման գործում: