Օրհուսի համալսարանի և Օրհուսի համալսարանական հիվանդանոցի հետազոտողները տեղեկացրել են հոդերում բորբոքման նվազման հանդեպ նոր հեռանկարային մոտեցման մասին՝ ռևմատոիդ արթրիտի դեպքում։ Աշխատանքը հրապարակվել է EULAR Rheumatology Open ամսագրում։

Ռևմատոիդ արթրիտն առաջանում է այն ժամանակ, երբ իմունային համակարգը սխալմամբ գրոհում է օրգանիզմի սեփական հյուսվածքները՝ առաջացնելով քրոնիկական բորբոքում, ցավ, այտուցվածություն և հոդերի քայքայում: Ստանդարտ թերապիան անարդյունավետ է պացիենտների զգալի մասի մոտ, ինչը նոր բուժման մեթոդների որոնումը դարձնում է հատկապես հրատապ։

Հետազոտության առանցքային օբյեկտ է դարձել 4-օկտիլ իտակոնատ (4-OI) միացությունը, որը նախակլինիկական փորձարկումներում ցուցաբերել է զգալի հակաբորբոքային ակտիվություն։

Գիտնականները պարզել են, որ 4-OI-ն ազդում է ոչ այնքան իմունային բջիջների, որքան հոդի սինովիալ թաղանթի շարակցական հյուսվածքի բջիջների՝ այսպես կոչված սինովիոցիտների վրա, որոնք կարևոր դեր են խաղում քրոնիկական բորբոքման զարգացման գործում։

Գործողության մեխանիզմը հետևյալն է.

  •    միացությունն ակտիվացնում է օրգանիզմի սեփական հակաօքսիդանտ և հակաբորբոքային համակարգերը,
  • դա նվազեցնում է սինովիոցիտների ակտիվացումը,             • արդյունքում՝ նվազում է բորբոքային ռեակցիան հոդում։

Բջջային կուլտուրաների և կենդանիների մոդելների վրա կատարված փորձերը ցույց են տվել հոդերի բորբոքման և այտուցի նվազում։

Հետազոտողների խոսքով՝ սա նոր հիմնարար մոտեցում է, քանի որ ռևմատոիդ արթրիտի համար գոյություն ունեցող դեղերի մեծ մասը հիմնականում թիրախավորում է իմունային բջիջները։ Ի տարբերություն դրա՝ 4-OI-ն թիրախավորում է պաթոլոգիական գործընթացի մեկ այլ կարևոր բաղադրիչ՝ հոդերի հյուսվածքի բջիջները։

Սակայն գիտնականներն ընդգծում են, որ սրանք դեռևս նախակլինիկական տվյալներ են։ Պացիենտների համար կիրառման անցման համար անհրաժեշտ է հետևյալը.

  • գնահատել նյութի անվտանգությունը,
  • որոշել ներարկման չափաբաժիններն ու ձևերը,
  • ուսումնասիրել համատեղելիությունը գոյություն ունեցող դեղամիջոցների հետ,
  • իրականացնել կլինիկական փորձարկումներ։

Այնուամենայնիվ, հետազոտողներն արդյունքներն անվանում են կարևոր քայլ ծանր կամ թերապիայի հանդեպ կայուն ռևմատոիդ արթրիտ ունեցող պացիենտների ավելի անհատականացված և արդյունավետ բուժման ուղղությամբ։