ԱՄՆ առողջապահական մարմինները հետաքննում են ցիկլոսպորիազի՝ աղիքային հիվանդության դեպքերի զգալի աճը, որը հարուցում է մակաբույծը և կարող է ծանր ջրիկ փորլուծության հանգեցնել:

Բռնկումն ընդգրկել է ԱՄՆ մի քանի նահանգներ: Հատկապես լուրջ է իրավիճակը Միչիգանում, որտեղ գրանցվել է հիվանդության գրեթե 1000 դեպք։ Դա նահանգի պատմության մեջ ամենախոշոր բռնկումն է և վերջին տարիներին երկրում ամենամասշտաբայիններից մեկը:

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) հայտնել են մի քանի նահանգներում վարակման դեպքերի մասին, սակայն պաշտոնական վիճակագրությունը կարող է ցածր լինել հիվանդների իրական թվից, քանի որ առանձին նահանգների տվյալներն ավելի արագ են թարմացվում: Բուժառուներից ոմանք  հոսպիտալացվել են, բայց ներկայիս բռնկման շրջանակում մահվան դեպքեր դեռևս չեն գրանցվել:

CDC-ն պարզել է, որ վարակի հավանական աղբյուր կարող էր ծառայել կտրատված «Այսբերգ» կաղամբը, որը մատակարարվում էր Ինդիանա, Քենտուկի, Միչիգան, Օհայո և Արևմտյան Վիրջինիա նահանգների Taco Bell ռեստորաններին։ Հետաքննությունը հայտնաբերել է կաղամբի մեկ մատակարարի, որը կապված է բռնկման հետ: Taco Bell ընկերությունը դադարեցրել է տվյալ մատակարարի արտադրանքի օգտագործումը:

Ի՞նչն է առաջացնում ցիկլոսպորիազ

Ցիկլոսպորիազը հարուցում է Cyclospora cayetanensis մակաբույծը, որը տարածվում է մարդու կղանքով աղտոտված սննդի կամ ջրի միջոցով:

ԱՄՆ-ում հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է տարվա տաք եղանակին՝ սովորաբար մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում: Նախորդ բռնկումները կապված են եղել աղտոտված թարմ մրգերի, բանջարեղենի, կանաչու և սալաթային խառնուրդների հետ:

Վարակի հիմնական ախտանիշը երկարատև ջրիկ լուծն է, որը կարող է լինել շատ ինտենսիվ և պարբերաբար կրկնվել: Հնարավոր են նաև՝

  • ցավեր և ջղակծկումներ որովայնի շրջանում;
  • սրտխառնոց;
  • հոգնածություն;
  • ախորժակի կորուստ;
  • ջերմության թեթև բարձրացում;
  • փսխում:

Սովորաբար ախտանիշներն ի հայտ են գալիս վարակվելուց մոտ մեկ շաբաթ անց, սակայն գաղտնի շրջանը կարող է տևել մի քանի օրից մինչև երկու շաբաթ: Հիվանդությունը կարող է շարունակվել մի քանի օրից մինչև ավելի քան մեկ ամիս: Վարակված որոշ մարդկանց մոտ ախտանիշները կարող են ընդհանրապես բացակայել:

Չնայած ցիկլոսպորիազը կարող է զգալիորեն վատթարացնել ինքնազգացողությունը, այն հազվադեպ է սպառնալիք ներկայացնում կյանքի համար: Բարդությունների ամենամեծ ռիսկը գոյություն ունի թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց շրջանում: Բուժման համար սովորաբար կիրառվում են հակաբիոտիկներ:

Որքանո՞վ է լուրջ ներկայիս բռնկումը

ԱՄՆ-ում ցիկլոսպորիազի խոշոր բռնկումներ հազվադեպ են տեղի ունենում: Վերջին երկու տասնամյակում դրանցից միայն մի քանիսն են անցել 1000 դեպքի սահմանագիծը:

Ամենանշանակալի բռնկումների թվում են՝ 1996 թվականի վարակումը՝ կապված Գվատեմալայից ներկրված ազնվամորու հետ, երբ հիվանդացավ գրեթե 1500 մարդ, ինչպես նաև 2019 թվականի բռնկումը՝ կապված Մեքսիկայից ներկրված ռեհանի հետ, որը ԱՄՆ-ում և Կանադայում հանգեցրեց ավելի քան 2400 հիվանդության դեպքի:

Ինչպե՞ս պաշտպանվել ցիկլոսպորիազից

Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել պոտենցիալ աղտոտված սննդից ու ջրից և օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվանալ թարմ մթերքը:

Այդուհանդերձ, սովորական լվացումը միշտ չէ, որ լիովին հեռացնում է մակաբույծին՝ հատկապես բարդ մակերես ունեցող մթերքներից, մասնավորապես՝

  • ազնվամորին և մոշը;
  • կաղամբի տերևները;
  • սպանախը;
  • համեմը;
  • կանաչ սոխը;
  • ռեհանը:

Շարունակվող հետաքննության ֆոնին մասնագետները խորհուրդ են տալիս նախապես լվացված ու փաթեթավորված սալաթների և սալաթային խառնուրդների փոխարեն գնել կաղամբի ամբողջական գլուխներ: Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում հեռացնել արտաքին տերևները, իսկ մնացածը մանրակրկիտ լվանալ հոսող ջրի տակ:

Հնարավորության դեպքում բանջարեղենի և այլ մթերքների ջերմամշակումը ևս օգնում է ոչնչացնել մակաբույծին: