Վերջին տարիներին կոնքազդրային եւ ծնկան հոդերի պրոթեզավորումից հետո մահվան դեպքերը զգալիորեն պակասել են:

Հոլանդացի գիտնականները բացահայտել են, որ սկսած 1990-ական թվականներից միջին տարիքի դանիացիների մոտ այդ թիվը պակասել է գրեթե երկու երրորդով:  Հիվանդանոցում անցկացրած ժամանակահատվածը եւս կրճատվել է երկու շաբաթից մինչեւ մեկ շաբաթ:

Այս փոփոխությունները տեղի են ունենում շնորհիվ արյունը ջրիկացնող դեղերի, որոնք օգնում են կանխել վիրահատությունից հետո վտանգավոր թրոմբների առաջացումը: Մակարդուկները որոշ դեպքերում կարող են հանգեցնել սրտի կաթվածի, ինսուլտի եւ թոքային էմբոլիայի (արյան մակարդուկ թոքերում):

Առաջատար հետազոտող, Նիդերլանդների Ուտրեխտի դեղագործական գիտությունների ինստիտուտի աշխատակից Արիֆ Լալմուհամեդը եւ նրա գործընկերներն ուսումնասիրել են Դանիայի առողջապահության ազգային ռեեստրի տվյալները:  Նրանք ուսումնասիրել են ավելի քան 112 000 մարդու  տվյալներ, ում 1989 եւ 2007 թվականների ընթացքում  կատարվել է կոնքազդրային կամ ծնկան հոդի պրոթեզավորում, հաղորդում է Newsmax Health-ը:

Ընդհանուր առմամբ , վիրահատությունից հետո երկու ամիսների ընթացքում մահացության մակարդակը 3,4% -ից (1989 – 1991 թթ) նվազել է մինչեւ 1,4% (2003 – 2007թթ), ասել է Լալմուհամեդը:  Մահացությունը սրտամկանի ինֆարկտից, ինսուլտից եւ թոքաբորբից նվազել է, չնայած որ սրտի եւ թոքերի հիվանդությունները հաճախ են հանդիպում վերջին տարիներին վիրահատված հիվանդների մոտ։