Տասը տարի առաջ ի հայտ եկած վիրաբուժական այնպիսի մեթոդը, ինչպիսին լապարասկոպիան է, բերեց երիկամի դոնոր դառնալու որոշում ընդունող մարդկաց թվի աճին: 2012 թ. կատարվել է 1068 նման վիրահատություն, որոնք իրականացվում են այնքան փոքր բացվածքով, որ կարելի է այն թաքցնել պորտի տակ:

Եվ չնայած սրան` Մեծ Բրիտանիայի առաջատար տրանսպլանտոլոգներից մեկը նախընտրում է բաց վիրահատությունը` մատներով ու վիրաբուժական գործիքներով` համարելով դա լավագույն տարբերակը թե՛ դոնորի և թե՛ հիվանդի համար:

Մեթոդը, որը հայտնի է որպես նեֆրէկտոմիա մատների միջոցով, առաջին անգամ կիրառվել է պրոֆեսոր Նադեյ Հակիմի կողմից: Այն թույլ է տալիս վիրահատության ժամանակը 2-3 ժամից կրճատել մինչև 45 րոպեի, դրա հետ մեկտեղ դոնորն ավելի քիչ է ենթարկվում բարդությունների վտանգին: Աշխատաժամանակի կրճատումը նշանակում է նաև, որ ավելի թարմ երիկամ կօգտագործվի: Նվազում է նաև երիկամի վնասման վտանգը:

Ըստ Daily Mail-ի ` պրոֆեսոր Հակիմի հիվանդանոցը Լոնդոնի Թագավորական քոլեջում Մեծ Բրիտանիայում փոխպատվաստման 30 կենտրոններից մեկն է, ուր կիրառվում է այդ մեթոդը:

«Լապարասկոպիայի դեպքում չորս-հինգ անցք է արվում գործիքների համար, ինչպես նաև երեք դյույմանոց անցք` օրգանը հեռացնելու համար,- բացատրում է պրոֆեսոր Հակիմը:- Նման վիրահատության հնարավոր բարդություններն են աղիքի և արյունատար անոթների վնասումը, որոնք կարող են բերել նաև երիկամի վնասվելուն: Բացի դրանից` ավելի շատ ժամանակ է ծախսվում արդեն անջատված երիկամը դուրս բերելու համար, ինչի արդյունքում այն, մնալով առանց սնուցման ու սառեցման, կարող է և փչանալ: Նեֆրէկտոմիայի կիրառման դեպքում օրգանը սառեցվում է մարմնից անջատելուց հաշված րոպեներ անց»:

«Լապարասկոպիան հիանալի մեթոդ է, բայց ոչ առանց վտանգների, և բաց վիրահատության հին եղանակը դեռ իր արժանիքներն ունի»,- ավելացնում է պրոֆեսոր Հակիմը: