Հայաստանում՝ Արարատի բժշկական կենտրոնում երեխան մահացել է, դեռ լույս աշխարհ չեկած: Երեխայի հայրը՝ Գառնիկ Ոսկանյանն ամեն ինչում մեղադրում է բժիշկներին։ Ըստ նրա, ամենը տեղի է ունեցել բժիշկների անփությության եւ անգործության պատճառով: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրևույցում նա պատմել է, որ բժիշկները սկզբում նախատեսել են կեսարյան հատում կատարել, քանի որ պտուղը մեծ էր, բայց հետո մտքափոխ են եղել, իսկ երբ հասկացել են, որ կեսարյան հատումն անհրաժեշտ է, արդեն ուշ է եղել:
«Երկու օր առաջ կինս գնացել էր ՈւՁՀ-ի, եւ նրա մոտ ամեն-ինչ կարգին էր, իսկ երկու օրից պարզվեց, որ նա խնդիրներ ունի...Միթե դա բժշկի մեկնաբանություն է: Մարդուն պետք է օգնել լույս աշխարհ գալ, իսկ իմ երեխային չեն օգնել...»,- ասաց Գ. Ոսկանյանը:
Պատասխանելով հարցին, արդյոք բժիշկները ինչ-որ բացատրություն տվել են հարազատներին տեղի ունեցածի վերաբերյալ, մահացած երեխայի հայրը պատասխանել է, որ « նրանք պատասխանել են, որ իբր պորտալարը խեղդել է երեխային, բայց ես չեմ հավատում դրան»: Դա զույգի երկրոդ երեխան էր:
Արարատի բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը NEWS.am Medicine-ին հաղորդեց, որ հենց ծննդաբերության սկզբում տեղի է ունեցել պորտալարի արտանկում: Երեխան մահացել է ասֆիքսիայից, ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցել, եւ բժիշկներն ուղղակի ոչինչ չեն հասցրել անել:
«Պտղաջրերի արտահոսքի ժամանակ պորտալարի արտանկում տեղի ունեցավ, եւ գլուխը վայրկենապես իջավ եւ մնաց պորտի եւ կոնքի արանքում: Մենք նույնիսկ չհասցրեցինք մշակել որովայնի պատը: Հենց մանկաբարձը տեսել է պորտալարը, կանչել է անեստեզիոլոգի ,ով երեք րոպեից եկել է, բայց արդեն ուշ էր: Իմաստ չկար մահացած երեխայի համար կեսարյան հատում անել»,- պատմել է բժիշկը:
Նրա խոսքով, ծննդկանի մոտ առողջական խնդիրներ չեն եղել, իսկ նման դեպքերը շատ հազվադեպ են՝ 1000-ից երեքը։






