Ցինկով հարուստ մթերքները, այդ թվում՝ ծովամթերքները, կակաոն եւ հավի միսը, կարող են ցավոտ օսթեոարթրիտի պատճառ դառնալ: Ցինկի մշակման ժամանակ օրգանիզմում տեղի ունեցող մոլեկուլյար փոփոխությունները կարող են վնասել մարդու աճառը, պարզել են կորեացի գիտնականները:

Օսթեոարթրիտի ժամանակ աճառի վնասվածքի դեպքում ոսկորները շփվում են իրար հետ՝ առաջացնելով ցավ, այտուց եւ կոշտություն: Մինչ օրս այս հիվանդության բուժման արդյունավետ մեթոդ չկա, քանի որ լիովին պարզված չեն այս գործընթացի հիմքում ընկած մոլեկուլյար պրոցեսները, գրում է Daily Mail-ը:

Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ օսթեոարթրիտի դեպքում հյուսվածքի վնասվելը պայմանավորված է այն մոլեկուլյար գործընթացներով, որոնք մասնակցում են աճառի բջիջների ներսում ցինկի մակարդակի կարգավորմանը:

Մկների վրա արված փորձերը ցույց են տվել, որ ZIP8 սպիտակուցը ցինկը փոխադրում է աջառային բջիջներ՝ սկիզբ դնելով մոլեկուլյար գործընթացների, որոնք հանգեցնում են աճառային հյուսվածքի քայքայման: Գիտնականները եզրակացրել են, որ օրգանիզմում ցինկի մակարդակի նվազումը կարող է դիտարկվել որպես օսթեոարթրիտի դեմ պայքարի մեթոդ: Նրանք ենթադրում են, որ տվյալ հետազոտությունը կբերի այս հիվանդության առաջխաղացումը ճնշելու համար նոր դեղամիջոցների մշակման: