• Latest news

Հայերը միկրոտարրերի պակաս չէին ունենա, եթե ավանդական սնունդը գերադասեին ֆասթ-ֆուդին. ԱՄՆ-ից մասնագետ

30 մայիսի, 2016  14:07

Հայ ավանդական սնունդը շատ օգտակար եւ սննդարար է, եւ եթե բոլոր հայերը տոլմա, թաբուլե, պանիր, մածուն եւ այլ ուտեստներ ուտեին ֆասթ-ֆուդի եւ քաղցրեղենի փոխարեն, միկրոտարրերի պակասի խնդիր ընդհանրապես գոյություն չէր ունենա: Բայց մշտական զբաղվածության պատճառով հայերը գնալով ավելի եւ ավելի հաճախակի են պիցցա, նրբերշիկ եւ այլ մթերքներ ուտում, որոնք գործնականում չեն պարունակում օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամիններ եւ հանքանյութեր: Արդյունքում ավելի ու ավելի այժմեական է դառնում սննդարար նյութերի պակասի խնդիրը, հատկապես` երեխաների մոտ, որոնց աճը եւ զարգացումը դրանից սկսում են դանդաղել: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է Կոլումբիայի համալսարանի Սննդի ինստիտուտի (ԱՄՆ) դասախոս Կիմ Հեքիմյանը:

Նրա խոսքով, սննդում միկրոտարրերի պակասի խնդիրն այսօր այժմեական է բոլոր երկրներում: ԱՄՆ-ում, որտեղ ապրում եւ աշխատում է Կիմ Հեքիմյանը, մարդիկ հեռացել են նորմալ, առողջ սննդակարգից եւ արդեն 30 տարի հիմնականում ֆասթ-ֆուդով են սնվում: 

«Մենք չենք ուզում, որ Հայաստանը նույն սխալը թույլ տա: Հենց այսօր սկսեք առաջ մղել ձեր ավանդական սնունդը, որը շատ առողջ է եւ օգտակար եւ սահմանափակեք «գլոբալիզացված» սննդի, ֆասթ-ֆուդի պարունակությունը սննդակարգում: Այդ դեպքում չեք բախվի ճարպակալման եւ օրգանիզմում վիտամինների եւ հանքանյութերի պակասի խնդրին, որին մենք բախվել ենք ԱՄՆ-ում», - նշել է Կիմ Հեքիմյանը:

Հայ օգնության ոնդի, Կոլումբիայի համալսարանի Սննդի ինստիտուտի  (ԱՄՆ) եւ Հայաստանում Ամերիկյան համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կազմակերպած «Այսօրվա սնունդը կարեւոր է վաղը» համաժողովի շրջանակում ժամանակակից մարդու սննդի եւ միկրոտարրերի պակասի խնդիրները քննարկելու համար այսօր Երեւանում հավաքվել են մանկաբույժներ, կենսաբաններ, էնդոկրինոլոգներ եւ սննդի մասնագետներ ԱՄՆ-ից, ինչպես նաեւ հայ առաջատար մասնագետները: 

Համաժողովի շրջանակում, ինչպես նշել է Կիմ Հիքիմյանը, մասնագետները նախատեսել են քննարկել ժամանակակից մարդու սննդում միկրոսննդանյութերի պակասի խնդիրների լուծման տարբեր մոտեցումները, ինչպես օրինակ` սննդակարգի բարելավումը, սննդանյութերին սինթետիկ միկրոտարրերի ավելացումը եւ այլն:  Թե լուծման հնարավոր ուղիներից որն ավելի արդյունավետ կլինի, առայժմ դժվար է ասել, որովհետեւ, օրինակ, Հայաստանի դեպքում քիչ են հավաստի հետազոտություններն ու տվյալներն այն մասին, թե ճշգրիտ ինչպես է սնվում մարդկանց մեծամասնությունը եւ թե նրանք ինչ խնդիրներ ունեն:  

Իհարկե ամենից ավելի լավ է վիտամիններ եւ հանքանյութեր ստանալ իսկական սննդից, ոչ թե հաբերից, նշել է մասնագետը: Բայց եթե ինչ-որ պատճառով դա անհնար է, պետք է օրգանիզմն անհրաժեշտ նյութերով ապահովելու այլ տարբերակներ փնտրել: 

Հայ օգնության հիմնադրամից Համբարձում Սիմոնյանն իր հերթին նշել է, որ սխալ սննդի եւ միկրոտարրերի պակասի խնդիրը սովորաբար կապված է եւ սննդի որակի, եւ մարդկանց սննդային սովորույթների եւ ճիշտ սննդի մասին նրանց գիտելիքների պակասի հետ: Հայաստանում այդ խնդրի պատճառները եւս մի քանիսն են. դրանք եւ սոցիալական խնդիրներ են, որոնց հետեւանքով անապահով ընտանիքները չեն կարողանում լավ մթերքներ գնել, եւ ճիշտ սննդի մասին գիտելիքների պակասն է: Այդ կապակցությամբ Հայ օգնության հիմնադրամը մի շարք ծրագրեր է իրականացնում, որոնցից որոշներն ուղղված են գիտելիքների տարածմանն այն մասին, թե ինչպես պետք է սնվեն երեխաները, որպեսզի աճի եւ զարգացման խնդիրներ չունենան:   

Հիշեցնենք, որ «Այսօրվա սնունդը կարեւոր է վաղը» համաժողովի ծրագիրը հաստատվել է Հայաստանի Առողջապահության նախարարության կողմից, մասնակիցները շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) 10 կրեդիտ  կստանան եւ հավաստագրեր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել