• Latest news

Աշխարհում ծխելը վերահսկելու համար օգտագործվող 5 միջոց

31 մայիսի, 2016  16:38

Աշխարհում ծխելը եւ դրա հետեւանքով առաջացող հիվանդությունները նվազեցնելու մի քանի գործիք կա: Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկրներին խորհուրդ է տալիս իրենց մոտ ներդնել այդ բոլոր գործիքները, որոնք կօգնեն նվազեցնել ծխողների թիվը եւ կանխարգելել քաղցկեղի եւ սրտի հիվանդությունների շատ նոր դեպքեր: 

Ծխախոտի փաթեթավորումը

Այս տարվա մայիսի 20-ից Մեծ Բրիտանիայում ծխախոտը վաճառվում է առանց փաթեթների վրա վառ նշման եւ նկարների, միասնականացված ձեւավորմամբ: Բոլոր փաթեթները, անկախ արտադրող ֆիրմայից, կեղտականաչ գույնի են, իսկ նրանց վրայի գրությունն արվել է միանման շրիֆտով: Դրա վրա ամենամեծ տեղը զբաղեցնում են այն կարգախոսները, որոնք զգուշացնում են ծխելու վնասի մասին:  

Արգելված է նաեւ փաթեթավորման վրա գրել այնպիսի բառեր, ինչպիսիք են «օրգանական», «թեթեւ», «բնական» եւ այլն, որոնք մարդկանց մոտ նույնանում  են առողջ եւ օգտակար ինչ-որ բանի հետ: 

Նման փաթեթավորումն օգտագործվում է աշխարհի շատ երկրներում, եւ մասնագետները կարծում են, որ դրանք, նույնիսկ եթե չեն վանում մարդկանց, գոնե չեն գրավում: 

ԱՀԿ-ն այլ երկրներին խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել այդ նորույթի վրա եւ նման փաթեթավորում ներդնել: 

Հայաստանում առայժմ օգտագործում են «բրենդային» փաթեթավորում, որոնցից որոշները շատ գրավիչ են երիտասարդ մարդկանց, հատկապես` աղջիկների համար: Չի բացառվում, որ միասնականացված փաթեթավորման ներդրումը եւս կօգներ կրճատել ծխողների թիվը:  

Գովազդը

Գովազդի եւ խանութներում ծխախոտի այսպես կոչված ցուցադրության արգելքը եւս ծխելու դեմ պայքարի բավականին արդյունավետ միջոց է համարվում: Հայաստանում ծխախոտի գովազդն արգելված է, սակայն չկան օրենքներ, որոնք արգելեն ցուցադրությունը եւ գործնականում յուրաքանչյուր խանութում կարելի է ծխախոտի  տուփեր տեսնել, որոնք դրված են ցուցափեղկում, բոլորի աչքի առաջ: Այդ տուփերը կարող են հետաքրքրություն առաջացնել չծխողների մոտ, հատկապես` երեխաների եւ անչափահասների, հենց այդ պատճառով շատ երկրներում, այդ թվում` Ռուսաստանում արգելված է ծխախոտի ցուցադրությունը. խանութում մարդը ծխախոտ չպետք է տեսնի, ցանկության դեպքում կարող է վաճառողին խնդրել այս կամ այն տուփը տալ:  

Հասարակական վայրերում ծխելու արգելք

Հասարակական վայրերում ծխելու արգելքը կարեւոր է, նախ եւ առաջ` չծխողների համար, որոնք ստիպված չեն լինի ծխախոտի ծուխ շնչել: 

Հայաստանում չկան իրոք գործող օրենքներ, որոնք արգելեն ծխելը հանրային վայրերում, չնայած, ինչպես ցույց է տվել NEWS.am Medicine-ի խմբագրության իրականացրած հարցումը, հայերի 87 տոկոսը դրականորեն կվերաբերվեր նման արգելք ներդնելուն: Մասնակիցների եւս 29 տոկոսը նշել է, որ արգելքին լավ է վերաբերվում, սակայն ցանկալի է, որ ծխողներին հատուկ տեղեր հատկացվեն, որտեղ նրանք կկարողանան ծխել: 

Հիշեցնենք, որ Հայաստանում, առկա տվյալների համաձայն, 16 տարեկանից մեծ տղամարդկանց շրջանում ծխողների թիվը կազմում է 50 տոկոս, այսինքն ծխում է ամեն երկրորդ տղամարդը: Միաժամանակ, նրանք ազատ ծխում են հանրային վայրերում, շրջապատող մարդկանց, որոնց թվում նաեւ հղի կանայք եւ երեխաներ կան, ենթարկելով ծխախոտի ծխի վտանգավոր ազդեցությանը:

Հարկային քաղաքականություն

Որոշ երկրներում ծխախոտի գները բավականին բարձր են, ինչի շնորհիվ շատերը չեն կարող իրենց թույլ տալ գնել դրանք կամ էլ ուղղակի չեն ուզում այդքան շատ փող ծախսել դրա վրա:  

Հայաստանում ծխախոտը լրացուցիչ հարկերով չի հարկվում եւ բավականին էժան արժե, ինչը միջազգային շատ փորձագետների կարծիքով շատ վատ է, չէ որ ինչպես ցույց է տվել շատ երկրների փորձը, ծխախոտի գների բարձրացումը ծխողների թվի կրճատման է հանգեցնում: 

Մյուս կողմից հետաքրքիր է, որ, ինչպես ցույց է տվել  NEWS.am Medicine-ի հարցումը, ծխողների ընդամենը 3 տոկոսը կթողնի ծխելը, եթե Հայաստանում ծխախոտը թանկանա 20 տոկոսով: Ծխողների եւս 7 տոկոսը կթողնի ծխելը, եթե ծխախոտը թանկանա  50 եւ ավելի տոկոսով: Հարցվածների 4 տոկոսը հայտնել է, որ իրենք այնքան փող ունեն, որ կարող են շարունակել ծխել ծխախոտի ցանկացած գնի դեպքում: Հարցվածների եւս  13 տոկոսը հայտնել է, որ նույնիսկ եթե ծխախոտը թանկանա մի քանի անգամ, իրենք պատրաստ են ավելի քիչ փող ծախսել սննդի վրա եւ ավելի քիչ ուտել, բայց չհրաժարվել ծխելուց: 

Բժշկություն

Ծխելու դեմ պայքարում եւս մեկ գործիք է համարվում բժշկությունը. Բժիշկները կարող են հիվանդներին բացատրել, թե ինչու չարժե ծխել, ինչպես նաեւ օգնել նրանց, եթե նրանք որոշեն թողնել ծխելը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել