• Latest news

Պաստան սոուսով. 3 օգտակար բաղադրատոմս

26 հոկտեմբերի, 2014  17:00

NEWS.am Medicine-ի խմբագրությունը խորհուրդ է տալիս կիրակի օրը համտեսել իտալական պաստայից պատրաստված համեղ ճաշատեսակներ: Ներկայացնում ենք օգտակար եւ հեշտ պատրաստվող ճաշատեսակների երեք բաղադրատոմս.

1. Պաստա՝ լոլիկով եւ խոզապուխտով

Անհրաժեշտ մթերքները.

Ցանկացած տեսակի պաստա՝ երկար կամ կարճ, բայց ոչ մանր

• 1 խոշոր կամ 2-3 միջին չափի լոլիկ

• Խոզապուխտ

• 2-3 պճեղ սխտոր

• Աղացած կարմիր պղպեղ (կծու)

• Յուղոտ սերուցք

• Ձիթապտղի ձեթ

Պատրաստման եղանակը.

Քայլ  1. Պաստան եփում ենք այնպես, ինչպես գրված է տուփին: Քամում ենք ջուրը եւ առայժմ մի կողմ դնում:

Քայլ 2. Խոզապուխտը կտրատում եւ տապակում ենք ձիթապտղի ձեթում: Հետո թավայից հանում եւ լցնում ենք թղթին՝ ավելորդ յուղը հանելու համար:

Քայլ 3. Լոլիկը կտրատում եւ մի քանի րոպե տապակում ենք նույն թավայում: Ավելացնում ենք մանրացրած սխտորը եւ կծու կարմիր պղպեղը՝ ըստ ճաշակի: Տապակում ենք եւս մի քանի րոպե:

Քայլ 4. Տապակած լոլիկին ավելացնում ենք խոզապուխտը եւ սերուցքը՝ ըստ ճաշակի, խառնում ենք եւ որոշ ժամանակ թողնում:

 Ափսեի մեջ լցնում ենք պաստան, վրան՝ ստացված սոուսը: Այս ճաշատեակը շատ համեղ ու օգտակար է:

2. Սպագետի՝ սխտորով եւ ձիթապտղի ձեթով

Անհրաժեշտ մթերքները.

• Սպագետի  – 500գ

• 8 պճեղ սխտոր

• Չիլի պղպեղ – 2 հատ

• Սեւ պղպեղ (աղացած)

• Մաղադանոս- 50գ

 • 0.5 կիտրոն

• Ձիթապտղի ձեթ՝ ըստ ճաշակի

• Աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը.

Քայլ 1. Ձիթապտղի ձեթում տապակում ենք սխտորն ու օղակաձեւ կտրատած չիլի պղպեղը, նաեւ ավելացնում ենք մանր կտրատած մաղադանոսը:

Քայլ 2. Սպագետին եփում ենք, հանում ջրից եւ լցնում տապակած սխտորով, պղպեղով եւ մաղադանոսով թավայի մեջ:

Քայլ 3. Ստացված խառնուրդը եփում ենք մարմանդ կրակի վրա՝ անընդհատ խառնելով: Ավելացնում ենք կիտրոնի հյութը եւ քերած պտղամիսը, աղ եւ սեւ պղպեղ:

Բավական դիետիկ ուտեստ է ստացվում:

2. Պաստա՝ բրոկոլիով եւ պանրային սոուսով

Անհրաժեշտ մթերքները.

• Մանր մակարոն (օրինակ խխունջ)

• Բրոկոլի– 1 փունջ

• Սոխ – 1 հատ

• Սխտոր– 2-3 պճեղ

• Պանիր (ցանկալի է՝ պինդ)

• Սերուցք (20%) – 150մլ

• բուսական յուղ՝ ըստ ճաշակի

• Աղացած կարմիր պղպեղ (կծու)

• Աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը.

Քայլ 1. Մակարոնը եփում ենք տուփի վրա գրված եղանակով:

Քայլ 2. Բրոկոլին եփում ենք եռացող աղաջրում:

Քայլ 3. Սոխը կտրատում ենք եւ տապակում բուսական յուղում՝ մինչեւ ոսկեգույն երանգ ստանալը: Հավելում ենք մանրացրած սխտորը, սերուցքը եւ եռացնում:

Քայլ 4. Մանր քերիչով անցկացրած պանիրը հավելում ենք սերուցքին՝ անընդհատ խառնելով: Սոուսը մատուցում ենք եփած մակարոնի եւ բրոկոլիի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել