• Latest news

2016-ին Հայաստանում բոտուլիզմի 6 դեպք է գրանցվել՝ 15 տուժածով ու մահվան 2 դեպքով

3 նոյեմբերի, 2016  15:06

2016 թվականին Հայաստանում գրանցվել է բոտուլիզմի 6 դեպք՝ 15 տուժածով։ Գրանցվել է նաեւ այդ հիվանդությունից մահվան երկու դեպք. 50-ամյա տղամարդը մահացել է հունվարին, 77-ամյա կինը՝ հոկտեմբերի 31-ին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Առողջապահության պետական տեսչության հիգիենայի բաժնի ղեկավար Մարգարիտա Բաբայանը։

Համեմատության համար նշենք, որ անցած տարի երկրում եղել է բոտուլիզմի 15 դեպք՝ 26 տուժածով, սակայն մահվան դեպքեր չեն գրանցվել։ 2014-ին էլ եղել է 9 դեպք՝ 11 տուժածով։ 2005 ու 2012 թվականներին բոտուլիզմից մահացության 5-ական դեպք է գրանցվել։

Մարգարիտա Բաբայանը նաեւ նշել է, որ բոտուլիզմով հիմնականում վարակվում են երկրի մարզերի բնակիչները, իսկ Երեւանում այդ հիվանդությունն ավելի հազվադեպ է հանդիպում՝ տարեկան առավելագույնը 1-2 դեպք։ Շատ դեպքեր են գրանցվում Կոտայքում ու Լոռիում, իսկ ահա Գեղարքունիքում արդեն 10 տարի է՝ ոչ մի դեպք չի եղել։

Բոլոր հիվանդները տնային պայմաններում պատրաստված պահածոներ են կերել։ Հետաքրքիր է, որ բոտուլիզմով հիվանդների մեծ մասը, ինչպես պարզվել է բժիշկների հետ զրույցից, տեղյակ են եղել այդ հիվանդության գոյության մասին, սակայն վստահ են եղել, որ իրենք երբեք չեն հիվանդանա, քանի որ պահածոները պատրաստում են «հատուկ բաղադրատոմսով» կամ «լավ լվանում են բանջարեղենը»։

Մասնագետը հիշեցրել է, որ տանը պատրաստված ցանկացած պահածո կամ մթերում վտանգավոր է առողջության համար. որքան էլ ջանասիրաբար լվանաք բանջարեղենը, միշտ վտանգ կա, որ դրանց մեջ կմնան Clostridium botulinum սպորեր։ Անօդ տարածությունում դրանք սկսում են թույն արտադրել, որը կարող է մահացու վտանգավոր լինել, մանավանդ ժամանակին օգնության չդիմելու դեպքում։ Հենց այդ պատճառով էլ մասնագետները խորհուրդ են տալիս տանը պահածոներ չպատրաստել ու չուտել, իսկ հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում (թուքը կուլ տալու դժվարացում, տեսողության հստակության կորուստ, ընդհանուր թուլություն, խռպոտություն) անմիջապես դիմել բժշկի։

Բոտուլիզմը տան պայմաններում չի կարելի բուժել՝ ստամոքսի լվացումներն ու հոգնաները չեն օգնի, շեշտել է մասնագետը, քանի որ վտանգավոր թույնն արագ ներթափանցում է արյան մեջ, ու բոտուլիզմի դեմ պայքարի համար հիվանդին պետք է ներարկել հատուկ հակաբոտուլիզմային շիճուկ, որը կա հիվանդանոցներում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է