• Latest news

В12 վիտամինի պակասը երեխաների մտավոր ընդունակությունները վատթարացնում է

28 մարտի, 2017  15:54

Ներարգանդային զարգացման շրջանում եւ երեխաների կյանքի առաջին տարիներին В12 վիտամինի պակասը վատթարացնում է նրանց մտավոր ընդունակությունները: Այս խնդիրը հիմնականում վերաբերում է աղքատ երկրների երեխաներին, առավել բարեկեցիկ երկրներից ռիսկի խմբի մեջ են մտնում  վեգանների երեխաները: Այս մասին American Journal of Clinical Nutrition ամսագրում հայտնել են Նորվեգիայի Բերգենի Uni Research հետազոտական կենտրոնի գիտնականները:

Գիտնականները Նեպալից 500 նորածինների արյան նմուշներ են վերցրել եւ պարզել արյան մեջ В12 վիտամինի պարունակության մակարդակը: 5 տարի հետո նրանք հանդիպել են այս երեխաներից 320-ի հետ եւ տարատեսակ թեստերով ստուգել նրանց մտավոր ընդունակությունները:

Հետազոտությանը մասնակցած երեխաների մեծ մասը В12 վիտամինի սուր պակաս չի զգացել, բայց օրգանիզմում դրա պարունակությունը նորմալ աճի եւ զարգացման անհրաժեշտ մակարդակից ցածր է եղել:

Պարզվել է, որ В12 վիտամինի պակասով երեխաները դժվարանում են տառերը ճանաչելիս եւ հասակակիցների զգացմունքները մեկնաբանելիս, նրանք դժվար են հաղթահարում նաեւ գլուխկոտրուկները:

«Մեր արդյունքներն ակնհայտ ցուցադրում են վաղ տարիքում В12 վիտամինի պակասի եւ զարգացման խնդիրների միջեւ կապը, օրինակ՝ բարդ երկրաչափական պատկերների հետ աշխատանքը կամ մյուս երեխաների զգացմունքները հասկանալը»,- ասել է հետազոտության հեղինակ Ինգրիդ Քվեսթադը:

В12, D վիտամինները, երկաթը, ցինկը եւ կալցիումը նորածինների համար առանցքային սնուցող նյութեր են: В12 վիտամինի պակասը կարող է շատ խնդիրներ առաջացնել: Օրինակ՝ այս վիտամինն անհրաժեշտ է արյան կարմիր մարմինների արտադրման համար, որի պակասը կարող է սակավարյունություն առաջացնել:

Ներկայումս հետազոտության արդյունքները ստուգվում են ռանդոմիզացված կլինիկական փորձերով:

В12 վիտամինի պակասը աղքատ երկրներում տարածված երեւույթ է: Ավելի վաղ կատարված հետազոտությունները քանիցս ցույց են տվել ուղեղի զարգացման համար դրա անհրաժեշտությունը: Փորձագետները նշում են, որ В12 վիտամինի պակասը վատթարացնում եւ նույնիսկ դանդաղեցնում է մանկահասակ երեխաների ուղեղի զարգացումը: Քվեսթադը նշել է, որ փոքրիկների սննդակարգում В12-ի պարունակության շտկումը կարող է լինել առավելագույն առողջ զարգացման ապահովման միջոցառումներից մեկը:

В12 վիտամինի պակասի խնդիրն առաջանում է դեռեւս ներարգանդային զարգացման ընթացքում: В12-ը պարունակվում է  հիմնականում մսի, կաթնամթերքների եւ ձվի մեջ, որոնք աղքատ երկներում հաճախ դժվար հասանելի են:

Իսկ զարգացած երկրներում ռիսկի խմբի մեջ են մտնում վեգանների երեխաները, որոնք բուսակերության ավելի խիստ ձեւերի կողմնակիցներն են եւ ամբողջությամբ բացառում են կենդանական ծագմամբ սնունդի օգտագործումը:

В12-ի պակասը կարող է նաեւ վաղաժամ ծնունդների պատճառ դառնալ. վիտամինի պակասի դեպքում անհաս երեխա ծննդաբերելու հավանականությունը 21 տոկոսով աճում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել