• Latest news

ԴԱՆ ղեկավարը՝ Զիպրեքսայի ծրագրի շուրջ աղմուկի մասին. Eli Lilly-ի ներկայացուցչությունը սահմանագիծն անցել է

12 ապրիլի, 2017  19:52

«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ետեւում կանգնած է Eli Lilly ընկերության (օրիգինալ օլանզապին՝ Զիպրեքսա արտոդրողի) հայաստանյան ներկայացուցչությունը: Եվ այս ներկայացուցչության մարքեթինգային քաղաքականությունը՝ մրցակիցների վրա ցեխ շպրտելը բարոյական չէ, կարծում է Հայաստանի Դեղ արտադրողների եւ ներմուծողների միության ղեկավար Սամվել Զաքարյանը:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում նա նշեց, որ Eli Lilly-ի հայաստանյան ներկայացուցիչ Սիլվա Բարսեղյանն իրեն այսպես է պահում տարիներ շարունակ, եւ սա, վերջիվերջո, պետք է դադարեցվի: Նրա խոսքով՝ «ինչը որ մերը չէ՝ վատն է» դիրքորոշումն անընդունելի է, հատկապես դեղերի տեղական արտադրողի՝ «Արփիմեդ» ընկերության նկատմամբ:

«Ոչ ոք չի վիճարկում Eli Lilly-ի արտադրանքի որակը, այն իսկապես աշխարհում լավագույններից մեկն է, բայց չի կարելի դրանից օգտվելով՝ սեւացնել այլընտրանքային դեղերը»,- ասաց նա՝ հավելելով, որ Eli Lilly-ի հայաստանյան ներկայացուցչությունը «մեր համակարգում կեղտ է, քաղցկեղային ուռուցք, որը ժամանակի ընթացքում տարածվում է»: Նա նշեց, որ Դեղ արտադրողների եւ ներմուծողների միությունը սա չի հանդուրժի Հայաստանի դեղագործական ոլորտում:

Սամվել Զաքարյանի խոսքով՝ «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հ/կ-ի ղեկավար Կարինե Թուխիկյանի գործողությունները, որն իբր մտահոգվում է պետական շահով եւ հիվանդների կարիքներով, ուղղված են միայն Զիպրեքսա դեղի առաջմղմանը:

«Նա իրավունք չունի պիտակավորելու մյուս երկրների արտադրած դեղերը, առավել եւս՝ հայրենական արտադրողի: Բայց ամենագլխավորն այն է, որ նա իրավունք չունի նման ելույթներով խուճապ սերմանել սպառողների շրջանում»,- ասաց ԴԱՆ միության ղեկավարը՝ հավելելով, որ եթե «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հ/կ-ն այդքան վստահ է իր իրավացիությանը, ապա թող ինքը Զիպրեքսայի եւ «Արփիմեդի» օլանզապինի անկախ փորձաքննություն կազմակերպի, այլ ոչ թե մերկապարանոց հայտարարություններ անի:

Սամվել Զաքարյանը նշեց, որ նման գործողությունների հետեւանքով տուժում են միայն հիվանդները, որոնց ենթագիտակցության մեջ տպավորվում է, որ հայկական դեղերը չեն ներգործում: Հաշվի առնելով, թե որքան ներշնչվող են հոգեկան հիվանդները, սա, Միության նախագահի խոսքով, անմարդկայնություն է եւ հակասում է բժշկական էթիկայի բոլոր կանոններին:

«Անթույլատրելի է նեղ անձնական շահերի պատճառով խաղալ Հայաստանի դեղագործական ամբողջ ոլորտի եւ հիվանդների ճակատագրի հետ: Իսկ սա զուտ դրա օրինակն է: Օլանզապինը ջեներիկ է, եւ «Արփիմեդն» այն արտադրում է ու տվյալ դեղի երկրի պահանջներն ապահովում պետգնման միջոցով՝ էժան գին առաջարկելով: Հավատացեք՝ նա չէ այն թշնամին, որը ցանկանում է իր ժողովրդին վնաս պատճառել, ինչպես փորձում են ներկայացնել, այլ հենց արտասահմանյան այն ընկերությունները, որոնց անբարեխիղճ ներկայացուցիչները փորձում են իրենց վաճառքն ապահովել»,- ասաց նա: Սամվել Զաքարյանի խոսքով՝ Զիպրեքսայի վերաբերյալ հնչող հայտարարությունները գովազդի շատ վատ ձեւ են, անբարեխիղճ մարքեթինգ:

Նա նշեց, որ «Արփիմեդ» ընկերությունն ի վիճակի չէ բժիշկներին «կաշառելու» թանկարժեք նվերներով, համաժողովների արտասահմանյան ուղեւորություններով եւ վաճառքից տոկոսներով, ինչպես դա անում է  Eli Lilly–ն։ Նրա խոսքով՝ հենց սրանով է բացատրվում, որ ոչ պաշտոնական զրույցներում հոգեբույժներից շատերը նույնպես խոսում են տեղական դեղամիջոցների ցածր որակի մասին: «Բայց եթե այս բժիշկներն այդքան վստահ են «Արփիմեդի» դեղերի վատ որակի մեջ, թող այդ մասին պաշտոնապես ասեն, այլ ոչ թե մասնավոր զրույցներում, թող քննություն լինի»,- նշեց նա: ԴԱՆ միության նախագահի խոսքով՝ ի վերջո, ե՛ւ «Արփիմեդի» ջեներիկը, ե՛ւ Զիպրեքսան միեւնույն փորձաքննությունն են անցել, ըստ որում՝ անանուն ռեժիմով, Հայաստանի Դեղերի եւ տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում:

Սամվել Զաքարյանը հիշեցրեց, որ սա Eli Lilly-ի հայաստանյան ներկայացուցչության հետ կապված առաջին սկանդալը չէ, նախկինում արդեն համանման դեպք եղել է ինսուլինի հետ: «Այս ընկերության ներկայացուցիչն անչափ բազմաժանր եւ հավանաբար, իր կարծիքով, կրեատիվ մոտեցավ հասարակական կարծիքի ձեւավորմանը՝ դրա համար օգտագործելով հ/կ-ին: Դրա փոխարեն նրանք փող չեն ծախսում մարքեթինգային ուրիշ միջոցառումների համար: Սա մի քանի տարի աշխատել է, հնարավոր է՝ նրանք եղանակներ են գտել նաեւ պետական պաշտոնյաների վրա ներգործելու համար, սակայն նոր նախարարը սա կասեցրեց»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ գործին ներգրավելով հիվանդների հարազատներին Eli Lilly ընկերության ներկայացուցչությունը հատել է թույլատրելիի սահմանագիծը:

Սամվել Զաքարյանը հայտնեց, որ ներկայումս ԴԱՆ միությունը ՏՄՊՊՀ-ին առաջարկներ է ներկայացրել դեղագործական արտադրողների պատշաճ պրակտիկայի կանոնագրքի վերաբերյալ, որը դեղագործական ոլորտում վարքի հստակ կանոններ կսահմանի:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հ/կ-ի ղեկավար Կարինե Թուխիկյանը «Զիպրեքսայով արտահիվանդանոցային բուժման» ավարտված ծրագրի շահառուների հարազատների հետ դժգոհել է Առողջապահության նախարարության կողմից տրված կանադական  Apotex ընկերության օլանզապին դեղի որակից, որը ստացվել է հումանիտար խողովակներով, ինչպես նաեւ «Արփիմեդ» տեղական ընկերության օլանզապինի որակից: Նրանք պահանջում են Զիպրեքսայով բուժման վերականգնում:

Ավելի ուշ Առողջապահության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով մեղադրել է «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հ/կ-ին ապատեղեկատվության տարածման մեջ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է