Աղի կերակուրը նվազեցնում է ծարավն ու մեծացնում քաղցի զգացողությունը

19 ապրիլի, 2017  12:17

Բոլորն են լսել, որ աղի մեծ պարունակությամբ մթերքների օգտագորոծումը ծարավեցնում է: Սակայն պարզվել է, որ դա այնքան էլ այդպես չէ: Նոր հետազոտությամբ հայտնի է դարձել, որ սննդակարգում նատրիումի մեծ պարունակությունը հակառակ էֆեկտն ունի՝ բերում է ջրի կասեցման եւ էներգիայի ծախսի մեծացման:

Գիտնականներն առաջին անգամ երկարատեւ հետազոտություն են կատարել՝ պարզելու աղի օգտագործման եւ ջրի հավասարակշռման միջեւ կապը: Հայտնի է, որ սննդակարգում աղի քանակի ավելացումը մեծացնում է միզարտադրությունը: Նախկինում ենթադրում էին, որ դա տեղի է ունենում ծարավի ուժգնացման եւ ջրի չափազանց շատ օգտագործման պատճառով: Գերմանական աերոտիեզերական կենտրոնի (German Aerospace Center), Գերմանիայի Մաքս Դելբրյուկի անվան մոլեկուլյար բժշկության կենտրոնի (Max Delbrück Center for Molecular Medicine) եւ ԱՄՆ-ի Վանդերբիլթի համալսարանի գիտնականներն  օգտվել են Մարս թռիչքի նմանակումից, որպեսզի ստուգեն ենթադրության հավաստիությունը: Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Clinical Investigation ամսագրում:

Հետազոտությանը 20 տղամարդ է մասնակցել, որոնց բաժանել են 2 խմբի: Նրանց Մարս թռիչքը նմանակող պայմանների մեջ են դրել: Գիտնականները սննդամթերքի, ջրի եւ աղի օգտագործումը վերահսկելու հնարավորություն են ունեցել: Առաջին խումբը հետազոտությանը մասնակցել է 105 օր, իսկ երկրորդը՝ 205: Բոլոր կամավորները սնվել են միանման սխեմայով, բացի աղի օգտագործումից:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ աղի ինտենսիվ օգտագործումը հանգեցնում է մեզում նրա պարունակության մեծացման, որը համապատասխանում է նախորդ հետազոտությունների արդյունքներին: Սակայն նման սննդակարգը ծարավի ուժգնացում չի առաջացրել: Հակառակը՝ աղը գործարկել է երիկամների կողմից ջրի պահպանման մեխանիզմը:

Նախկինում առաջատար համարվող վարկածի համաձայն՝ նատրիումի եւ քլորի լիցքավորված իոնները նպաստել են մեզից ջրի արտազատմանը: Նոր հետազոտության արդյունքները վկայում են փոքր-ինչ այլ մեխանիզմի մասին. աղի իոնները մնում են մեզի մեջ, մինչդեռ ջուրը երիկամները օրգանիզմ է վերադարձնում: Հնարավոր է, որ այս պրոցեսում գործարկվում է միզանյութը, որն ազոտի օգտագործման հետեւանքով առաջանում է մկաններում եւ լյարդում: Այս նյութը կուտակվում է լյարդում, որտեղ նատրիումի եւ քլորի իոնների ազդեցությամբ խոչընդոտում է մեզի մեջ ջրի մոլեկուլների հայտնվելուն:

Սակայն միզանյութի արտադրումը էներգիայի մեծ ծախս է պահանջում, այդ պատճառով աղի մեծ պարունակությամբ սննդակարգը ախորժակի մեծացում է առաջացնում, պնդում են հետազոտության հեղինակները: Սննդակարգում աղի մեծ պարունակությունը ծարավը չի մեծացնում, սակայն քաղցածության զգացում է առաջացնում:

Հետազոտության արդյունքները գիտնականներին ստիպել են վերանայել մարդու օրգանիզմում միզանյութի ֆունկցիաները: Գիտնականները նշել են, որ սա ոչ միայն կենսագործունեության արտադրանք է, որը կուտակվում է երիկամներում, այլեւ կարեւոր օսմոլիտ՝ նյութ, որը ջուրը կապում է այն փոխադրողների հետ: Աղի շատ օգտագործման դեպքում այն խոչընդոտում է մեզի հետ ջրի դուրսբերմանը:

Նոր հետազոտության արդյունքները փոխել են գիտնականների կարծիքը մարդու օրգանիզմում ջրի հավասարակշռման կարգավորման վրա: Հայտնի է դարձել, որ այս պրոցեսում կարեւոր դերակատարում ունի երիկամների, մկանների եւ լյարդի համաձայնեցված աշխատանքը: Հետազոտությունը չի ընդգրկել աղի մեծ պարունակությամբ սննդակարգի ազդեցությունը զարկերակային ճնշման վրա, սակայն գիտնականների ենթադրությամբ՝ անոթների եւ սրտի աշխատանքը սերտորեն կապված է ջրի հոմեոստազի եւ էներգետիկ փոխանակության հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Հակաբեղմնավորման ո՞ր մեթոդները կարող են պաշտպանել ՄԻԱՎ-վարակից:
1. Ընդհատված սեռական ակտը
2. Պահպանակը
3. Հորմոնալ հակաբեղմնավորիչները
4. Ներարգանդային պարույրը
5. Չգիտեմ