• Latest news

Աջ ականջն ավելի լավ է լսում, քան ձախը. գիտնականներ

8 դեկտեմբերի, 2017  19:01

Աջ ականջն ավելի արդյունավետ է մշակում ձայնային տեղեկությունները, քան ձախը, ընդ որում, թե՛ երեխաների, թե՛մեծահասակների մոտ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ Ալաբամայի նահանգի Auburn University–ի գիտնականները։

Նրանք պարզել են, որ բարդ իրավիճակներում երեխաներն ու մեծահասակները ձայներն ընկալելու եւ մշակելու համար ավելի ինտենսիվ օգտագործում են աջ ականջը։ Հետազոտական խմբի աշխատանքը հիմնված է եղել լսողական թեստերի վրա, որոնք կիրառվում են այն խախտումների ախտորոշման համար, որոնց դեպքում ուղեղը դժվարություններ է ունենում լսածը մշակելու հարցում։ Այս մեթոդն անհրաժեշտ է սելեկտիվ ուշադրության անալիզի համար։ Ստանդարտ լսողական թեստի ժամանակ մասնակիցները միաժամանակ ձախ եւ աջ ականջներում ձայնային ազդակներ են ստանում։

Թեստի բաղադրիչներն են սովորաբար մի քանի բառից բաղկացած նախադասությունները, առանձին բառերն ու թվերը։ Լսողները կամ ուշադրություն են դարձնում միայն այն տեղեկությանը, որը ստանում են մի ականջով, եւ անտեսում մյուս ականջից եկող տեղեկությունը (տարանջատում), կամ ընկալում են միաժամանակ աջ եւ ձախ ականջով ստացվող տեղեկությունը (ինտեգրացիա)։

Հետազոտության հեղինակ Դանիել Սաչինելիի խոսքով՝ երեխաներն ավելի լավ են հասկանում եւ հիշում տեղեկությունը, որը ստանում են աջ ականջով։ Ձայները, որոնք ստացվում են աջ ականջով, մշակում է ուղեղի ձախ կիսագունդը, որը վերահսկում է խոսքը, լեզվի զարգացումն ու հիշողության տարբեր տեսակները։ Յուրաքանչյուր ականջ տեղեկության առանձին դրվագներ է լսում, որոնք հետո միավորվում են վերամշակման ժամանակ ձայնային համակարգում։

Սակայն փոքր երեխաների ձայնային համակարգերը չեն կարողանում տեսակավորել եւ առանձնացնել տեղեկությունը, որը միաժամանակ ստանում են 2 ականջից։ Դրա արդյունքում նրանք մեծամասամբ օգտագործում են աջ ականջը, որպեսզի կլանեն ձայներն ու լեզուն, քանի որ ընկալման այդ ուղին ավելի արդյունավետ է։

Գիտնականներին հետաքրքրել է, թե այդ առանձնահատկությունը պահպանվում է արդյոք հասուն տարիքում։ Դա պարզելու համար Սաչինելիի ղեկավարած գիտնականների խումբը 19-28 տարեկան մասնակիցների շրջանում փորձ է անցկացրել, որոնք պետք է լսողական առաջադրանքներ կատարեին՝ թե՛ «տարանջատման», թե՛ «ինտեգրման» համար, ընդ որում, յուրաքանչյուր նոր թեստի ժամանակ գիտնականները մեծացրել են ինֆորմացիայի հոսքը։

Հետաքրքիր է, որ երբ ինֆորմացիայի հոսքը համապատասխանել է մարդու հիշողության սովորական հնարավորություններին, ձախ եւ աջ ականջի միջեւ էֆեկտիվության առանձնակի տարբերություններ չեն եղել։ Բայց երբ թեստի ժամանակ թվարկած առարկաների ցուցակները գերազանցել են հիշողության հաշվարկային ծավալը, ամեն բան փոխվել է, եւ մարդիկ սկսել են միջինում 8 տոկոսով, իսկ ոմանք անգամ 40 տոկոսով ավելի շատ կենտրոնանալ աջ ականջով ստացվող տեղեկությունների վրա։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել