• Latest news

Առողջապահության ոլորտի 9 խնդիր, որոնք ցանկալի է մոտ ապագայում լուծել

7 մայիսի, 2018  20:58

Հայաստանի առողջապահության ոլորտում խնդիրներ միշտ էլ քիչ չեն եղել, սակայն վերջին իրադարձությունների լույսի ներքո երկրում շատ խնդիրներ կարծես թե սրվել են: Այն խնդիրների մասին,  որոնց լուծումն առաջնային ուշադրություն է պահանջում,  NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմել է առողջապահության կազմակերպիչ, ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանը:

Էլեկտրոնային առողջապահության համակարգ

Վերջին շաբաթների ընթացքում բազմաթիվ ծրագրեր եւ գործընթացներ երկրում դադարեցվել էին. բոլորը կարծես թե կանգ են առել, եւ սպասում են իրադարձությունների հետագա զարգացումներին: Սակայն կառավարությունը, ըստ մասնագետի չնայած ամեն ինչին, պետք է շարունակի աշխատել,  եւ առողջապահության նախարարությունը բացառություն չէ:

Այսպես, Առողջապահության նախարարությունը, չգիտես ինչու, դադարեցրել է էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման գործընթացը. մինչեւ վերջերս շրջաններում իրականացնում էին առաջնային օղակի բժիշկների համար հատուկ դասընթացներ, բայց այժմ դրանք էլ են դադարեցրել: Ըստ Գրիգորյանի՝ էլեկտրոնային առողջապահության համակարգը  Հայաստանում սկսել էին  ժամանակից շուտ իրականացնել եւ առանց պատշաճ նախապատրաստական աշխատանքների, սակայն եթե այժմ Առողջապահության նախարարությունը կանգ առնի, ապա կստացվի, որ այս ծրագրի համար ծախսված բոլոր ռեսուրսներն իզուր էին:

Առաջնային օղակի բժիշկներ

Այսօր բնակչությունը չի վստահում առաջնային օղակի բժիշկներին, եւ այդ խնդրի լուծման համար պոլիկլինիկաներն անհրաժեշտ է վերազինել նոր սարքավորումներով, ինչպես նաեւ այնտեղ աշխատող բժիշկների գիտելիքների մակարդակը բարձրացնել: Դրա համար նրանք պետք է ժամանակ առ ժամանակ մասնակցեն սեմինարների, որոնք նրանց կօգնեն ավելի լավ հասկանալ նեղ մասնագիտությունները եւ հիվանսդների բուժման համար արագ եւ ճիշտ որոշումներ կայացնել:

«Օրինակ կասկածելով, որ հիվանդի մոտ կարող է քաղցկեղ լինել, բժիշկը պետք է խուճապի չմատնվի: Նա պետք է հիվանդին անհրաժեշտ հետազոտությունների ուղարկի, իսկ այդ հետազոտությունների արդյունքներով արդեն կոնկրետ նեղ մասնագետի մոտ», - ասել է Գեւորգ Գրիգորյանը:

Ընտանեկան բժիշկներն այսօր էլ վերապատրաստվում են, բայց, այն ըստ մասնագետի, իրեն չի արդարացնում եւ բժիշկներին չի տալիս այն գիտելիքները, որոնք կարող են նրանց մրցունակ դարձնել եւ բարձրացնել իրենց հանդեպ հիվանդների վստահությունը: Ցանկալի է վերապատրաստման ավելի արդյունավետ ծրագրեր մշակել եւ դրանց ներգրավել նաեւ Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների:

Բժիշկների իրավունքները եւ ուղեցույցները

Հայաստանում բժիշկների իրավունքներն այսօրվա դրությամբ վատ են պաշտպանված, եւ մինչ օրս բժշկական սխալի եւ անփութության միջեւ  հստակ տարանջատում չկա՝ ոչ օրենսդրորեն, ոչ էլ մարդկանց գիտակցության մեջ։ Բժշկական ուղեցույցները կարող են օգնել լուծել այս խնդիրը, չէ  որ նրանց շնորհիվ խնդրահարույց դեպքերը կարելի է ավելի լավ հասկանալ. եթե բժիշկը գործել է ուղեցույցի համաձայն, ապա անփութության մասին խոսք չի կարող լինել:

Մոտ 300 բժշկական կանոնակարգեր այս պահին թարգմանվում են ու հարմարեցվում են Հայաստանի համար, սակայն դեռ հայտնի չէ, թե երբ դրանք պատրաստ կլինեն, եւ երբ կներդնեն գործնականում: Ըստ մասնագետի՝ որքան շուտ դա արվի, այնքան լավ, բայց չպետք է մոռանալ, որ բժշկությունն անընդհատ զարգանում է, եւ կանոնակարգերը պետք է ժամանակ առ ժամանակ նորացվեն:

Բուժաշխատողների աշխատավարձերը

Շատ բժիշկներ եւ բուժքույրեր այսօր շատ ցածր աշխատավարձ են ստանում, որոնցով ապրելը պարզապես անհնար է։ Ավելին, այն գումարները, որոնք նրանք ստանում են բժշկական ապահովագրություն ունեցող հիվանդների հետ աշխատանքի համար, պարզապես ծիծաղելի են: Կլինիկաների հետ  ապահովագրական ընկերությունների ամբողջ աշխատանքը, ըստ մասնագետի,  սխալ է կառուցվել, եւ եթե այսպես շարունակվի, դա բազմաթիվ բժիշկների կզրկի աշխատելու ցանկությունից, նաեւ ավելի ու ավելի քիչ երիտասարդներ կընտրեն բժշկի ուղին։

Բժշկական զբոսաշրջություն

Հայաստանում բժշկական զբոսաշրջությունը հսկայական ներուժ ունի, քանի որ այստեղ իսկապես լավ մասնագետներ կան, որոնք ի տարբերություն բազմաթիվ այլ երկրների շատ մատչելի գներով բարդ վիրահատություններ են անում: Սակայն Հայաստանում դեռեւս բժշկական զբոսաշրջությունը զարգացնում են ընդամենը բառերով. այս ոլորտում ոչ մի լուրջ պետական ծրագիր չկա, եւ միայն առանձին բժիշկներ են իրենց աշխատանքը միջազգային շուկայում ներկայացնում եւ այնտեղ գտնում են նոր հիվանդների:

Գեւորգ Գրիգորյանը նշել է, որ բժշկական զբոսաշրջության զարգացումը Հայստանում կարեւոր է ոչ միայն նրա համար, որ դա կարող է երկիր լրացուցիչ ֆինանսական միջոցներ բերել, այլեւ նրա համար, որ երկրի քազաքցիները, տեսնելով, որ այլ երկրներից գալիս են այստեղ բուժվելու, ավելի քիչ կձգտեն բուժման համար արտասահման գնալ։

Առողջ ապրելակերպ

Առողջ ապրելակերպը եւ ծխելուց հրաժարվելը հարկավոր է Հայաստանում ավելի գրագետ կերպով զարգացնել,  քան հիմա արվում է: Միայն տուգանքներով հնարավոր չէ մարդկանց ստիպել հրաժարվել ծխախոտից. նրանց հետ պետք է աշխատել, բացատրել: Այս գործընթացում հարկավոր է ներգրավել ինչրպես ԱՆ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը, այնպես էլ հասարակական կազմակերպությունները:

Դեղերի գները

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այսօրվա դրությամբ Հայաստանում դեղերն ավելի թանկ են, քան հարեւան Վրաստանում, Ռուսաստանում կամ այլ երկրներում: Դեղերը, ըստ մասնագետի, պետք է որքան հնարավոր է շուտ ազատել ԱԱՀ-ից: Հնարավոր է, նաեւ իմաստ ունի փոխել գնային քաղաքականությունը եւ դեղերի համար առավելագույն գներ սահմանել, այնպես, որ եւ արտադրողների եւ ներկրողների, եւ հիվանդների համար շահավետ լինի:

Նախարարության աշխատանքը

Ըստ մասնագետի, սխալ է, երբ նույն ինստիտուտը զբաղվում է եւ քաղաքականության մշակմամբ եւ ծրագրերի իրականացմամբ եւ այդ ամենի մոնիթորինգով:

Առողջապահության նախարարությունը առաջին հերթին, պետք է զբաղվի քաղաքականության մշակմամբ, իսկ ծրագրերի իրականացումը ցանկալի է հնարավորինս հասարակական կազմակերպություններին վստահել: Մոնիթորինգով կարող է զբաղվել տեսչական մարմինը: Այսպես համակարգը, ըստ մասնագետի, ավելի արդյունավետ կաշխատի, քան այսօր:

Անձնակազմ

Առողջապահության նախարարության աշխատակիցներն, ըստ մասնագետի, պետք է համապատասխանեն մի շարք չափանիշների: Այսպես, նախարարը առողջապահության ոլորտում սեփական բիզնես չպետք է ունենա, այլապես նրա կողմից ընդունված որոշումները կարող են հասարակության շահերից չբխել: Բացի այդ, նա պետք է եւ բժշկի, եւ առողջապահության կազմակերպչի աշխատանքի փորձ ունենա:

«Ով էլ նշանակվի նոր նախարար, մեր երիտասարդ բժիշկների Ասոցիացիան պատրաստ է իր բոլոր ռեսուրսներով, թիմով, օգնել նրան, որպեսզի առողջ Հայաստան ունենանք », - նշել է Գեւորգ Գրիգորյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է