• Latest news

Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ներ է դնում վահանաձև գեղձի քաղցկեղի ռադիոյոդային բուժում

15 փետրվարի, 2019  11:05

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, հավատարիմ մնալով ուռուցքաբանության ոլորտում առաջատարի իր առաքելությանը, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներդրեց վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման ժամանակակից և արդյունավետ մոտեցումներից մեկը՝ ռադիոյոդոթերապիան (բուժում ռադիոակտիվ յոդով):

Ինչպես տեղեկացնում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը, Հայաստանում տարեկան գրանցվում է 8500 քաղցկեղի նոր դեպք, որոնց 45-50 տոկոսը բարձիթողի դեպքեր են և դիմում են բժշկի արդեն երրորդ, չորրորդ փուլերում: Վերջին ժամանակաշրջանում, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, նկատվում է քաղցկեղով հիվանդացության աճ:

«Էնդոկրին համակարգի ուռուցքներն ընդհանուր ուռուցքաբանության մեջ կազմում են 0,6-5 տոկոս: Եվ, հաշվի առնելով այն, որ Հայաստանը էնդեմիկ գոտի է, մեզ մոտ տարեկան գրանցվում է մոտավորապես 250-300 հիվանդ, ովքեր տառապում են վահանաձև գեղձի քաղցկեղով: Վահանաձև գեղձի քաղցկեղի բուժման հիմնական եղանակներից է վիրաբուժությունը, իսկ հետվիրահատական շրջանում հիվանդների գերակշիռ մասի համար ռադիոյոդոթերապիան պարտադիր է», - նշել է մասնագետը:

Խորհրդային ժամանակաշրջանում ռադիոակտիվ յոդով բուժումը իրականացվել է Ռուսաստանի Դաշնությունում, Բելառուսում, Ուկրանիայում, իսկ վերջին տարիներին մեր հայրենակիցները ռադիոյոդոթերապիայի կուրս ստանալու համար մեկնում էին Վրաստան կամ այլ երկրներ:

«Մեծ ջանքերի և անձնվեր աշխատանքի շնորհիվ այսօր մեզ հաջողվեց ստեղծել ճառագայթային անվտանգության բոլոր միջազգային չափորոշիչներին համապատասխանող հատուկ տարածքներ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային մասնաշենքում,  որտեղ մեր պացիենտները վահանաձև գեղձի վիրահատական բուժումից հետո կստանան ռադիոյոդոթերապիա:

Այդ նպատակով կիրառվող ռադիոակտիվ յոդ պարունակող պատիչները կներկրվեն Լեհաստանից և Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կպահպանվեն հատուկ պայմաններում: Հիվանդները բուժման ընթացքում կգտնվեն ճառագայթային անվտանգության հատուկ պահանջներով կառուցված և բոլոր անհրաժեշտ հարմարություններով հագեցված հիվանդասենյակներում:

Բուժման գործընթացի լիարժեք ապահովման համար Կենտրոնը ձեռք է բերել նաև հատուկ սարք՝ որը թույլ է տալիս նախապես գնահատել վահանաձև գեղձի կողմից յոդի կլանումը և ըստ այդմ ավելի ճշգրիտ հաշվարկել տվյալ հիվանդին անհրաժեշտ յոդի չափաքանակը: Մեկուսացված սենյակներում 3-5 օր անցկացնելուց հետո կատարվում է պացիենտի օրգանիզմում ռադիոակտիվ յոդի մնացորդային քանակի գնահատում, ըստ որի որոշվում են դուրս գրման ժամկետները:

Ռուսաստանում և Վրաստանում ռադիոակտիվ յոդով բուժման արժեքը կազմում է 2000 ԱՄՆ դոլար, զգալի են նաև ճանապարհային և մնացյալ ծախսերը: Ըստ մեր հաշվարկների, բուժման կուրսն ՈՒԱԿ-ում կկազմի շուրջ 500.000 ՀՀ դրամ:

Կարծում եմ, որ սա անչափ կարևոր և կենսական ձեռքբերում է. վահանաձև գեղձի քաղցկեղի դեպքում մեր հայրենակիցները արդեն կարող են ստանալ անհրաժեշտ բուժման բոլոր փուլերը ՈՒԱԿ-ում՝ անհամեմատ ավելի մատչելի պայմաններով և առանց արտերկիր մեկնելու անհրաժեշտության», - ասել է Արմեն Տանանյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է