• Latest news

48-ամյա կինը ծննդաբերել է իր առաջնեկին «Հայ Մանուկ» ծրագրի շնորհիվ, եւս 55 անզավակ ընտանիք ԱՄԲ անելու հնարավորություն կստանա (վիդեո)

4 մարտի, 2020  21:30

48-ամյա Կարինե Գեւորգյանը 5 ամիս առաջ ծննդաբերել է իր առաջնեկին՝ Բաղդասարին: Մինչ այդ շուրջ 6 տարի նա եւ նրա ամուսինը երազում էին երեխայի մասին: 

Կարինեն ամուսնացավ, երբ 42 տարեկան էր, իսկ ամուսինը՝ 53։ Նրանք շատ էին երեխա ուզում, առանց որի իրենց ընտանիքը ոչ լիարժեք էին համարում, սակայն բնական ճանապարհով բեղմնավորում չէր ստացվում։ Լսելով «Հայ» ասոցիացիայի մասին, որը «Հայ մանուկ» ծրագրի շրջանակներում օգնում է անզավակ զույգերին, Կարինեն որոշեց դիմել այնտեղ։ Այն ժամանակ դեռեւս ծրագրում տարիքային սահմանափակում չկար, եւ Կարինեն ներառվեց ծրագրում։

Ասոցիացիան օգնեց ֆինանսավորել ԱՄԲ պրոցեդուրան, որի շնորհիվ Կարինեն հղիացավ:

«Դա իմ կյանքի լավագույն իրադարձությունն էր»,- NEWS.am Medicine-ի հետ զրույցում խոստովանեց Կարինեն:

Նրա խոսքով՝ ինքը մտավախություն ուներ, որ տարիքի պատճառով իր մոտ կարող էին բարդություններ առաջանալ, սակայն հղիությունը հանգիստ էր անցել, եւ 2019 թվականի հոկտեմբերի 11-ին ծնվել էր նրա առաջնեկը: Երեխային անվանել են Բաղդասար:

Շուտով Բաղդասարը 5 ամսական կդառնա: Նա հետաքրքրասեր է եւ շատ համակրելի: Կարինեն իրեն աշխարհում ամենաերջանիկ կանանցից մեկն է համարում:

Բաղդասարը 20 երեխաներից մեկն է, որոնք արդեն ծնվել են շնորհիվ «ՀԱՅ» ասոցիացիայի եւ «Հայ Մանուկ» ծրագրի: Օրերս ծրագրի շահառուներից մեկը երկվորյակ աղջիկներ է ծննդաբերել:

«ՀԱՅ» ասոցիացիան, ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին ասաց ասոցիացիայի հայկական գրասենյակի ղեկավար Լիլիթ Ադիբեկյանը, բարեգործական կազմակեպություն է, որը ֆինանսավորում է օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաները անպտուղ զույգերի համար: Ասոցիացիայի գումարները հավաքվում են շնորհիվ ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ տարբեր կազմակերպությունների հանգանակությունների:

Քանի որ Հայաստանում անզավակ զոյգերը շատ են, ասոցիացիան արդեն ունի ավելի քան 2000 շահառու, որոնք սպասում են իրեն հերթին, իսկ նվիրատվությունների շնորհիվ հավաքված գումարը բոլորին չի բավականացնում, դրա համար որոշվել է մեկ այլ հետաքրքիր միջոցառում կազմակերպել. բոլոր զույգերը, որոնք 29 000 դրամի չափով նվիրատվություն են կատարել, մասնակցել են վիճակահանությանը, որի արդյունքում 41 զույգ, ըստ նախնական տվյալների, պետք է ԱՄԲ ֆինանսավորում ստանար:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց ասոցիացիայի հիմնադիր Տիգրան Հակոբյան-Հովհաննիսյանը, զույգերը, որոնք ցանկանում են «Հայ Մանուկ» ծրագրի շահառուներ դառնալ, պետք է ոչ թե նստեն եւ սպասեն իրենց հերթին, այլ հնարավորինս օգնեն եւ՛ իրենց, եւ՛ այլ անզավակ զույգերին: Եվ հենց այդ միտքն է օգնել կազմակերպել վիճակահանությունը:

«29 000 դրամը մոտավորապես 60 դոլար է: Եթե այն բաժանենք 12 ամիսների, ապա կստացվի ամսական ընդամենը 5 դոլար: 106 շահառու ցանկացել է մասնակցել այդ վիճակահանությանը»,- ասաց Տիգրան Հակոբյան-Հովհաննիսյանը:

Միջոցառման ընթացքում շահառուների համարներով ծրարները արկղից հանել են կլինիկաների ղեկավարները, որտեղ ԱՄԲ է իրականացվում, քաղաքապետարանի ներկայացուցիչները եւ հենց քաղաքապետ Հայկ Մարությանը, ԱԺ պատգամավորները, ինչպես նաեւ հայտնի դերասաններ եւ շոու բիզնեսի ներկայացուցիչներ: Եվ քանի որ նվիրատվություններ իրականացվել էին նաեւ միջոցառման ընթացքում, իսկ որոշ կլինիկաներ հայտարարել են, որ եւս մի քանի զույգի ֆինանսավորումն իրենց վրա կվերցնեն, պարզվել է, որ միջոցառման արդյունքում ԱՄԲ ֆինանսավորմամբ կարելի է ապահովել ոչ թե 41, այլ 55 զույգի:

«ՀԱՅ» ասոցիացիայի ներկայացուցիչները վստահ են, որ այդ ծրագրի շնորհիվ արդեն հաջորդ տարի կծնվի ավելի շատ երեխա:

Նշենք, որ ասոցիացիան շահույթ չի հետապնդում: Հանգանակությունների շնորհիվ հավաքված բոլոր գումարները ծախսվում են պացիենտների վրա, եւ յուրաքանչյուր դոնոր բաց հասանելիությամբ կարող է հետեւել ծախսերի եւ նվիրատվությունների ցուցակներին:    

Տեղեկատվություն ֆոնդին նվիրատվություն անել ցանկացողների համար.

Ասոցիացիայի կայքը՝ http://asociacionhay.org/donate/project/1

Youtube: https://www.youtube.com/channel/UCdBHU6ShyMjf8cBQ9dh4gYA 

iTunes-ում հավելվածը՝ https://itunes.apple.com/us/app/association-hay/id1367431145?mt=8

Google Play հավելվածը՝ https://play.google.com/store/apps/details?id=com.asociacion.hay

Բանկային փոխանցում՝ Caixabank, Spain

BIC/SWIFT CODE: CAIXESBBXXX

IBAN: ES79 2100 6802 5401 0004 1224

Հաշվեհամար՝ 2100-6802-54-0100041224 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել