«Իմ քայլը» խմբակցության եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի միջեւ նոր սկանդալ է հասունանում՝ խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Նարեկ Զեյնալյանի, Հովիկ Աղազարյանի եւ Վլադիմիր Վարդանյանի՝ ԱԺ ներկայացրած նոր նախագծի հետ կապված:
Նախագիծն առաջարկում է հետաձգել «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի 2021թ. հունվարի 1-ից ուժի մտնող դրույթների իրականացումը:
Իր հերթին առողջապահության նախարարությունը կոչ է անում գործընկերներին հիշյալ փոփոխությունը հանել ԱԺ օրակարգից:
Այս կապակցությամբ նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում, ասնավորապես, ասվում է.
«2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում 2020թ. փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի մի շարք կարեւոր դրույթներ: Մասնավորապես.
Օրենքի մյուս կարեւոր հոդվածները եւ մասնավորապես` հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների եւ փոխարինիչների օգտագործման արգելքն ուժի մեջ է մտնում 2022թ. մարտի 15-ից:
Այսօր ԱԺ պաշտոնական կայքի նախագծեր բաժնում տեղադրվել է սույն օրենքի 2021թ. հունվարի 1-ից ուժի մտնող դրույթների հետաձգման վերաբերյալ նախագիծ:
Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը, օրենքն ընդունելիս համակողմանիորեն քննարկվել են դրա բոլոր դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետները եւ հաշվի առնելով ԱԺ պատգամավորների առաջարկները` որոշվել է այնպես խմբագրել օրենքը, որպեսզի դրա դրույթներն ուժի մեջ մտնեն աստիճանաբար` ժամանակ տալով հանրությանը եւ տնտեսվարողներին պատրաստվել դրան:
Մեզ համար անհասկանալի է այս հարցը կրկին ԱԺ օրակարգ բերելը, երբ երկիրը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև, որոնք հանգուցալուծում կամ դիմագրավում են պահանջում պետական բոլոր ինստիտուտների կողմից, նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն օրենքը միտված է ավելի առողջ սերունդ ունենալուն, ինչն ախուսափելիորեն ավելի է ուժեղացնելու մեր երկրի տնտեսությունը եւ ընդհանուր դիմադրողականությունը:
Բազմիցս ներկայացվել են ապացուցողական փաստեր, որ օրենքով սահմանված դրույթները ոչ միայն նպաստելու են երկրի զարգացմանը, այլեւ հնարավորություն են ընձեռելու նվազեցնել տարբեր ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում` դիաբետի, սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի դեպքերը` նպաստելով դրանց դեմ արդյունավետ պայքարին ու նաեւ տարբեր համավարակների դեպքում (ինչպիսին է կորոնավիրուսը) այս հիվանդությամբ ապրող անձանց շրջանում ծանր հիվանդացության դեպքերի և մահերի կանխմանը:
Հաշվի առնելով վերոշարադրյալը, կոչ ենք անում մեր գործընկերներին հիշյալ փոփոխությունը հանել ԱԺ օրակարգից: Միաժամանակ, պատրաստակամություն ենք հայտնում, ինչպես նախկինում, քննարկել մեր երկրի բնակչության առողջության ամրապնդմանը միտված ցանկացած նախաձեռնություն»:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day